Ջանլուկա Մարչիանոն դարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի հրավիրված դիրիժոր
CultureԻտալացի ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն այսուհետև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրված դիրիժորն է:
Այս մասին հայտարարվեց սեպտեմբերի 4-ին օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի և օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի համատեղ կազմակերպաÕ ® բարեգործական համերգի ժամանակ: Իրադարձությունն իրենց մասնակցությամբ պատվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Ջանլուկա Մարչիանոյին` որպես հրավիրված դիրիժոր, ներկայացրեց Գեղամ Գրիգորյանը: Իտալացի դիրիժորն իր խոսքում նշեց, որ աներևակայելի երջանիկ է լինել Հայաստանում և օպերային թատրոնում, որտեղ աշխատելու է Գեղամ Գրիգորյանի հետ: Նա նաև հավելեց, որ երջանիկ է Արցախ այցելելու համար:
Բարեգործական համերգին մասնակցեց նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան): Համերգի վերջում ՀՊԵՆ-ը հանդես եկավ Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ:
Իրադարձության հասույթը կտրամադրվի Հայաստանում ստեղծվելիք Օպերային արվեստի միջազգային ակադեմիային։
Ջանլուկա Մարչիանոն Հայաստանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով: Նա Արցախում մասնակցել է Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: