«Շանթ 2015». Տավուշում և Սյունիքում խաղարկվեց «Օդային տագնապ» ուսումնական ազդանշանը
SocietyՀանրապետության ամբողջ տարածքում անցկացվող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով սեպտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ժամը 10.07-ին և Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամը 10.15-ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ուսումնական ազդանշան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարու թյունից, տագնապի ազդանշանը տրվել է զորավարժության շրջանակներում և խուճապի մատվելու կարիք չկա:
Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը: