Բրիտանացի մասնագետները հայ անեսթեզիոլոգներին նվիրաբերել են 116 պուլսօքսիմետր
SocietyՀայաստան կատարած հերթական այցի ժամանակ Kibelle բարեգործական ծրագրի ներկայացուցիչները հայ անեսթեզիոլոգների համար նվեր են բերել 116 պուլսօքսիմետր։ Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Kibelle-ը բարեգործական ծրագիր է, որի կենտրոնը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ)։ Ծրագրի շուրջ համախմբված մանկաբարձական անեսթեզիոլոգների կամավոր խումբն ուսուցողական ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: 2006թ-ից ամեն տարի նրանք Հայաստանում սեմինարներ և հանրապետության մարզերի ծննդօգնության բուժհիմնարկներում աշխատանքային շաբաթ են կազմակերպում։
Հայաստանի Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միավորումը (նախագահ` Դավիթ Մելքոնյան) այս կազմակերպության աջակցությամբ, օգտվելով միջազգային ուղեցույցներից, մշակել և հրատարակել է Մանկաբարձական անեսթեզիայի ազգային ուղեցույցը։
Վերջերս Kibelle-ը դիմել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո գործող Lifebox անգլիական կազմակերպությանը` Հայաստանին պուլսօքսիմետրեր տրամադրելու խնդրանքով։ Սարքն ապահովում է մարդու կյանքի անվտանգությունը վիրահատության ընթացքում։ Փոքրիկ սարքն անեսթեզիոլոգին ճշգրիտ տեղեկատվություն է տալիս սրտի բաբախի հաճախականության և սատուրացիայի` արյան մեջ թթվածնի հագեցվածության մասին։
Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած մասնագետները` Kibelle-Հայաստան ծրագրի ղեկավար Սայմոն Միլարը և Գորդու Յուիլը սեպտեմբերի 6-ին հայ անեսթեզիոլոգների և այլ մասնագետների համար կկազմակերպեն սեմինար։ Նրանք կներկայացնեն նոր սարքը, կանցկացնեն մասնագիտական քննարկումներ։