Խոսրով Հարությունյանը «Շանթ 2015» զորավարժություններն օգտակար է համարում Հայաստանի համար
Society«Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունների անցկացումը շատ կարևոր նշանակություն ունի ցանկացած պարագայում սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների ամրապնդման և դրանց գործադրման առումով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Նման զորավարժությունները, որոնց նպատակը ոչ միայն ռազմական գործողություններիարդյունավետ իրականացումն է, այլև ամբողջ պետական կառավարման համակարգի մոբիլիզացումը, թիկունքի համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը, շատ կարևոր նշանակություն ունեն: Ես ցանկանում եմ նշել, որ շատ երկրներ` օրինակ Ճապոնիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, շատ հաճախ են նման միջոցառումներ անցկացվում»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա խոսքով` նման միջոցառումները հնարավորություն են տալիս հանրությանը, պետական կառավարման մարմիններին էքստրեմալ պայմաններում պատրաստ լինել ճիշտ որոշումներ կայացնելուն և կազմակերպել իրենց գործողությունները:
«Պետք է համաձայնենք, որ Հայաստանի պայմաններում մենք նման միջոցառումների կարիք իսկապես ունենք:Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք, ցավոք սրտի, ունենք լարված հարաբերություններ մեր հարևանների հետ, միշտ էլ պատրաստ վիճակում լինելը շատ օգտակար է: Եթե, օրինակ, հետևեք Իսրայելի իշխանությունների օրինակին, դուք կտեսնեք, որ նրանք նման միջոցառումներ շատ հաճախակի են անցկացնում: Եվ այս տեսանկյունից ես սա համարում եմ արդարացված»,- շեշտեց Հարությունյանը:
Պատգամավորը դժվարացավ գնահատել զորավարժությունների անցկացման մակարդակը` ընդգծելով, որ ինքն այդ ոլորտի մասնագետ չէ, որ կարողանա գնահատականներ հնչեցնել, սակայն ընդգծեց, որ կարող է բավարարվել Հանրապետության Նախագահի, ոլորտի պատասխանատու պաշտոնյաների բարձր գնահատականներով:
«Օրինակ, ես հետևում եմ մամուլին, այն տեղեկատվությանը, որ մենք ստանում ենք հեռուստատեսությամբ, տեսնում եմ, որ առողջապահական համակարգը, որը նման դեպքերում ունի բացառիկ պատասխանատվություն, լիովին արդարացնում է իրեն: Այն պատրաստ է, ունակ է և կարող է էքստրեմալ պայմաններում գործել: Ես տեսնում եմ, որ արտակարգ իրավիճակների ոլորտի ծառայությունները ևս պատրաստված են, և նման բարդ պայմաններում գործելու կարողություն ունեն»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Հարությունյանը առանձնացրեց մեկ կարևոր հանգամանք ևս: Նա նկատեց, որ «Շանթ 2015» զորավարժությունների անցկացումը համընկավ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ, և շատերի մոտ տպավորություն էր, որ զորավարժությունն անցկացվում է, քանի որ իրավիճակը ծայրահեղ լարված է:
«Ես կարծում եմ, որ պաշտպանության ոլորտիպատասխանատուները այս առումով ևս պետք է մեկնաբանություններ տան: Ես ցանկանում եմ ասել, որ այս զորավարժությունների անցկացումը վաղուց էպլանավորված եղել և ընդհանրապես որևէ կապ չունի հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի հետ:
Չփորձենք մոռանալ, որ այդ սահմանային լարվածությունը պարբերաբար կրկնվում է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Եթե նույնիսկ այդ լարվածությունն էլ հաշվի առնենք, ապա նման զորավարժությունների անցկացումը լիովին արդարացված է»,- եզրափակեց նա:
Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուր ջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: