«Շանթ 2015». «Լեռնային Հայաստան»-ում խաղարկվեց Տավուշի և Լոռու մարզերից տարհանվածների ընդունման սցենարը
SocietyՀայաստանի Հանրապետությունում շարունակվում են «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որի շրջանակներում Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում խաղարկվեց ռազմական իրադրության և աղետների ժամանակ տարհանվածների ընդունման սցենարը:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Սամվել Հովսեփյանը զորակոչը լուսաբանող լրագրողներին հայտնեց, որ «Լեռնային Հայաստան» առողջարանը գործում է շուրջ տարին, այն ցանկացած րոպե պատրաստ է պատերազմի կամ աղետների ժամանակ ընդունել Տավուշի և Լոռու մարզերի տարհանված բնակչությանը: «Առողջարանը կծառայի որպես կացարան և հոսպիտալ: Այն հագեցած է բոլոր անհրաժեշտ բուժական պարագաներով, դեղորայքով և բուժանձնակազմով: Առողջարանի հոսպիտալն առաջին օգնություն է ցուցաբերելու տարհանվածներին` նրանց ուղղորդելով հարակից մասնագիտացված հոսպիտալներ»,- ասաց մայոր Սամվել Հովսեփյանը: Մայորն ընդգծեց, որ իրենք արտակարգ իրավիճակների համար ունեն նախապես մշակված սցենարներ, որոնցով առաջնորդվելու են իրադրությունից ելնելով:
Ֆիզիոթեապևտիկ բաժնի պետ Արթուր Մխիթարյանը տեղեկացրեց, որ առողջարանում կան բոլոր ֆիզիոթերապևտիկ սարքավորումները: «Առողջարանը հագեցած է ֆիզիոթերապևտիկ, սարքավորումներով, լազերային ապարատով, առողջարանային բուժման համար նախատեսված սարքավորումներով, ինչպես նաև անձեռնմխելի դեղորայքի պաշարով, որը պարբերաբար թարմացվում է»,- հայտնեց Մխիթարյանը: