Բագրատ Սրբազանը պաշտոնապես ստանձնել է Տավուշի թեմի առաջնորդությունը
Societytert.am-ը գրում է.
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում կիրակնօրյա պատարագով Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պաշտոնապես ստանձնել է Տավուշի հոգևոր առաջնորդի պաշտոնը:
Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասի` Տավուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը գավազանը փոխանցել է նորանշանակ առաջնորդին` Բագրատ Սրբազանին:
«Այստեղ մտնող մարդը պետք է զգա լույսը, պետք է ունենա կյանքի նկատմամբ հույսի ու հաղթանակի զգացումը: Երբեք խեղճ, ընկճված ու թշվառ վիճակում չպետք է լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդը:
Նա Սուրբ խորանից ներկաներին ցույց է տվեց մանկական մեքենա խաղալիք, որն խոցվել է ադրբեջանական կրակահերթերից։
«Այս քանի օրերին մենք գտնվում էինք կրակահերթերի ներքո, Երևանում խուճապ էր, մեր գյուղերում մարդիկ նարդի էին խաղում, հեռուստացույց դիտում, իրենց այգին մշակում ու սահմանն էին պահում: Մենք անընդհատ ասել ենք` այստեղ բացարձակ տագնապի ու խուճապի վիճակ գոյություն չունի, այստեղ քաջարի, արժանապատիվ հայ մարդ է ապրում, որը պաշտպանում է իր սահմանը, մեզ բոլորիս: Բոլորիս կյանքի համար այնտեղ կանգնած է հայ զինվորը: Այդ սահմանի պաշտպաններից մեկը մեքենայի տերն է»,- ասել է Սրբազանը` հավելելով, որ դա է տավուշեցու պատմությունը:
«Ամենափոքր երեխան` խոցված անիվով մեքենայով, կանգնած է սահմանի եզրին ու երբ հարցնում ենք` վախենում եք, ասում են` ոչ»,- շեշտել է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Ժողովրդին ուղղված խոսքում Սրբազանը նշել է, որ իրենք հոգևորականներով սակավ են, սակավ են նաև նյութական միջոցները, բայց իրենց համառությունն ու կամքը, հավատքն` առ Աստված, առաջնորդելու է հաղթանակների: «Բայց դա լինելու է միասին: Ոչ մի բանի չենք կարող հասնել, եթե չկանք որպես ընտանիք, որպես հավաքականություն»,- ընդգծել է Բագրատ Սրբազանը:
Տավուշի թեմի առաջնորդը կոչ է արել սիրով լցված լինել միմյանց հանդեպ: «Շռայլություն է մեզ համար ապրել ու չսիրել միմյանց: Գաղափարների տարբերություն կունենանք բոլորս ամենուր և պետք է ունենանք, բայց գաղափարների տարբերության միջոցով ատելություն չպետք է սերմանվի: Դա մեզ համար չափից շատ է»,- եզրափակել է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Այնուհետև Սրբազանը Հաղորդության է արժանացրել հավատացյալներին: