Չնայած ճնշումներին, Ֆլանդրիայի խորհրդարանականների մեծամասնությունը կանգնեց հայերի կողքին. Քարիմ վան Օվարմեյրը
SocietyԲելգիայի կազմում գտնվող Ֆլանդրիայի ռեգիոնալ խորհրդարանի անդամ պարոն Քարիմ վան Օվարմեյրը հավաստիացնում է, որ Ֆլանդրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն այնքան էլ հեշտ չէր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանականը Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ֆլանդրիայում բավական մե ծ թվով թուրքեր են ապրում, եւ քանի որ թուրքական լոբբինգը շատ կազմակերպված է, շատերն անհանգստանում էին այդ առնչությամբ:
«Շատերը մեզ խորհուրդ էին տալիս զգույշ լինել, իսկ քանի որ թուրքական համայնքը մեծ է եւ շատ կազմակերպված, բազմաթիվ մարդիկ անհանգստանում էին, որ բանաձեւը կարող է խոչընդոտել Թուրքիայի հետ հարաբերություններին: Սակայն, բարեբախտաբար, թեպետ առկա ճնշումներին, խորհրդարանի կայուն մեծամասնությունը կողմ արտահայտվեց բանաձեւին եւ կանգնեց հայերի կողքին»,- ասում է Քարիմ վան Օվարմեյրը: Խորհրդարանականը շեշտում է, որ պետական մակարդակով խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առավելագույնն էր, որ հնարավոր էր անել: Նա շեշտում է, որ բնակչության միայն մի մասն է տեղյակ, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ 100 տարի առաջ, եւ այդ առնչությամբ մեծ անելիք ունի հենց հայ համայնքը, որը, ի տարբերություն թուրքականի, այնքան էլ համախմբված չէ եւ քաղաքական առումով ոչ կազմակերպված:
Ինչ վերաբերում է համաձայնագրի կետին, որը ենթադրում է խաղաղության հաստատում եւ համագործակցություն Թուրքիայի հետ, խորհրդարանականն ասում է, որ այդ հարցի լուծման առնչությամբ թե՛ ինքը, թե՛ խորհրդարանը չի կարող ազդեցություն ունենալ:
«Սա մի հարց է, որ պետք է կարգավորեն երկրները: Մենք այս հարցում աջակցում ենք Հայաստանին: Մենք կարծում ենք, որ կայունություն եւ համերաշխություն պետք է հաստատվի ամենուր, քանի որ դրա բացակայությունը բերում է վտանգների: Մենք շատ անհանգստացած ենք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Իրաքում, Սիրիայում, մտահոգիչ են: Ներգաղթյալների հարցը, որը նույնպես հսկայական խնդիր է: Այս ամենը անկայունության հետեւանք է: Կարծես թե «սառը պատերազմը» ավարտվել է, սակայն այն ինչ այսօր կատարվում է, շատ ավելի վտանգ ավոր է»,- ասաց խորհրդարանականը: