ՄԱԶԾ-ն «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր» նախապատրաստման հարցում տեխնիկապես կաջակցի Երևանին
SocietyՀայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ-Հայաստան) և Երևանի քաղաքապետարանը ձեռք են բերել համաձայնություն` «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում Երևանին տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցի շուրջ` քաղաքի «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը» մշակելու և հաստատելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպական նախաձեռնությանը միացել է 2014թ. սեպտեմբերի 9-ին` կամավոր պարտավորություն ստանձնելով իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալը:
շԵրևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2015թ. տարեսկզբին ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են քաղաքապետարանի 16 վարչությունների պետեր, այդ թվում՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության, ֆինանսական վարչության, բնապահպանության վարչության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչություններին: Աշխատանքային խմբի խնդիրն է հավաքել և համակարգել նախնական տվյալները, որոնք անհրաժեշտ են «Արտանետումների նախնական գույքացուցակների» և «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակման համար (ն երառյալ համապատասխան քաղաքային ենթակառուցվածքների և դրանց էներգիայի սպառման վերաբերյալ տվյալները):
6 ամսվա ընթացքում աշխատանքային խմբին հաջողվել է հավաքագրել մեծածավալ տեղեկատվություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների էներգիայի սպառման վերաբերյալ: Այնուամենայնիվ, հավաքագրված տվյալների համակարգումն ու մշակումը, ինչպես նաև դրանց հիման վրա «Արտանետումների նախնական գույքացուցակների» և «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակումը պահանջում են զգալի ջանքեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և քաղաքային տնտեսության այլ ոլորտների համապատասխան փորձագետների ներգրավմամբ:
«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության պահանջներին համապատասխան «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակումն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանը տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով դիմել է իր վաղեմի գործընկերոջը՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, որի հետ քաղաքապետարանն իրականացրել է էներգախնայողությանն ուղղված մի շարք լայնածավալ նախագծեր շենքերի և բնակելի տների, ինչպես նաև արտաքին լուսավորության համակարգում:
2015թ. սեպտեմբերի 1-ին ՄԱԶԾ-Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանին «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակման հարցում: Ակնկալվում է, որ ծրագրի մշակման համագործակցությունը կսկվի 2015 սեպտեմբերի վերջին, իսկ արդեն 2016 թվականի սկզբին ծրագրի առաջին տարբերակը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը և Քաղաքային խորհրդի հաստատմանը: