Հայ փորձագետն իրերի համացանցի զարգացման մի քանի նախապայման է տեսնում
SocietyԺամանակակից աշխարհում համացանցի զարգացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ խելացի սարքավորումները կարող են հաղորդակցվել իրար հետ առանց մարդկային միջամտության: Տարբեր մասնագիտական գնահատականներով` դա կարող է հանգեցնել նրան, որ 2020 թվականին աշխարհում լինի 20-50 միլիարդ սարք, որոնք կաշխատեն ու կհաղորդակցվեն առանց մարդու միջամտության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայկական ինտերնետ կառավարման առաջին համաժողովի ընթացքում նման զեկույցով հանդես եկավ ARMIX հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը` նշելով, որ դա կբերի մի իրավիճակի, երբ ռոբոտները կգրավեն աշխարհը` լինելով մարդկանցից քանակապես ավելի շատ: Նրա խոսքով` հնարավոր է մի իրավիճակ, երբ սառնարանը տան տիրոջը կհիշեցնի գնել ինչ-որ բան, իսկ այն դեպքում, երբ այն միացված կլինի ինտերնետին, ինքնուրույն կարող է պատվիրել այդ ապրանքը (խմբ.` սա դեռևս որպես հումոր ներկայացվեց): «Ինտերնետը հիմա զարգանում է ոչ միայն մարդկանցով, այլև իրերով: Այժմ մենք խոսում ենք մարդկանց գործողությունների մասին, բայց հետաքրքիր բան է տեղի ունեցել. իրերը` սարքավորումները, սկսել են ուղարկել ու ստանալ տեղեկատվություն, դրանք կարողանում են աշխատել առանց մարդկանց միջամտության և հրահանգների: Անգլիական նախարարություններից մեկի կողմից իրականացված հետազոտության հիման վրա` այդ գործընթացն անվանվում է երկրորդ թվային ռեէվոլյուցիա»,-ասաց Վահան Հովսեփյանը:
Խոսելով իրերի համացանցի մասին` բանախոսը նկատեց, որ մեր շուրջը ստեղծվել են խելացի իրեր` սկսած հեռախոսներից վերջացրած քաղաքներով, գյուղերով: «Մենք ունենք հեռաբժշկության լուծումներ, անվտանգության սարքավորումներ, որոնք անմիջապես ուղարկում, ստանում ու վերլուծում են տեղեկատվությունը: Նույնիսկ արագաչափերը, որոնցից այդքան բողոքում ենք, աշխատում են այդ սկզբունքով, դրանք խնայում են ռեսուրսներ ու նաև ապահովում ֆինանսական օգուտներ»,-նշեց զեկուցողը;
Վահան Հովսեփյանի խոսքով` իրերի համացանցի զարգացման մի քանի նախապայման կա: «Առաջինը կիսահաղորդիչերի գների անկումն է: Դրանք առաջիկա տարիներին շատ ավելի են ընկնելու և հնարավորություն են ստեղծելու մեծ արտադրողականություն ունեցող կիսահաղորդիչներ գնել շատ էժան գներով: Դրանք գնալով նաև փոքրանում են ու թույլ են տալիս օգտագործել շատ այլ ոլորտներում»,-ասաց Վահան Հովսեփյանը:
Հաջորդ պայմանը համացանցի հասանելիությունն է: «Գրավականներից մեկն էլ հավելվածների ու վերլուծական լուծումների զարգացումն է»,-նշեց նա:
Վահան Հովսեփյանի վստահեցմամբ` նշյալ իրավիճակը հնարավորություն է տալիս ձեռնարկություններին ու տնտեսություններին խնայել ռեսուրսներ ու զարգանալ:
«Այն ոլորտներում, որտեղ կիրառվում են սարքավորումները, 20 տոկոսից ավելի խնայելու հնարավորություն են տալիս: Դա էլ իր հերթին նպաստում է, որ տնտեսություններն ունենան էական աճի հնարավորություններ: Այն պարագայում, երբ մրցունակ տնտեսություն ես ցանկանում կառուցել, միացված սարքավորումներն անհրաժեշտություն են»,- հավելեց Վահան Հովսեփյանը:
Մասնագետը նաև նշեց, որ այդ դեպքում ևս պետք է ռիսկերի կառավարում իրականացնել, մտածել անվտանգության ապահովման մասին: