Երիտասարդ նկարչուհին առաջին անհատական ցուցահանդեսը նվիրել է Ցեղասպանության տարելիցին
CultureԱնցյալի ստվերների անգիտակցական վերարտադրությունը նկարների միջոցով: Երիտասարդ նկարչուհի, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտ, դասախոս Անի Աճառյանը հանրությանը ներկայացրեց իր առաջին անհատական ցուցահանդեսը: «Ալբեր և Թովե Բոյաջյան» ցուցասրահում բացված «Եղեռն...» խորագրով ցուցահանդեսը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Շատ հուզիչ և պատասխանատու օր է, առաջին անգամ եմ անհատական ցուցահանդեսով ներկայացնում իմ աշխատանքները: Բազմաթիվ այլ ցուցահանդեսների մասնակցել եմ, բայց անհատականն այլ է: Այս աշխատանքներն ստեղծվել են վերջին երեք տարիների ընթացքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Անի Աճառյանը`շնորհակալություն հայտնելով Գեղարվեստի պետական ակադեմիային`ստացած գիտելիքների համար:
Նրա խոսքով`ներկայացվել է 20 մեծակտավ աշխատանք: «Ստեղծագործելիս երբեք չեմ մտածում թեմայի մասին, ինքնաբերաբար է ստեղծվում: Ասես թելադրվել են այն հիշողությունները, որոնք ունեցել են իմ նախնիները և որպես սպի դրոշմվել մեր արյան մեջ`փոխանցվելով սերնդեսերունդ»,-հավելեց նա:
Ցուցահանդեսի ընթացքում նկարչուհին ներկայացրեց նաև եռաչափ ինտերակտիվ գեղանկար, որի առջև կանգնելիս հնչում է Կոմիտասի «Գարուն ա» –ն, ավելանում են նաև լուսային էֆեկտներ: Անի Աճառյանը չի բացառում, որ էլի նման նկարներ կստեղծի:
Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ, նկարիչ Սարո Կալենցը դասավանդել է երիտասարդ նկարչուհուն: «Հպարտ եմ, որ նման ուսանող եմ ունեցել: Շատ հաճախ կլսենք նրա անունը, որովհետև շատ յուրովի մոտեցումներ ունի և միշտ ժամանակակից է: Շատ ուրախ եմ, որ նաև դասավանդում է ակադեմիայում»,-հավելեց նա: