Հայ հեղինակները կմասնակցեն «Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի միջազգային մրցույթին և կպայքարեն լավագույնի կոչմանն արժանանալու համար: Այն թատերական-գրական նախագիծ է, որի հեղինակն է Նյուրնբերգի պետական թատրոնը (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն): Այս տարվա մրցույթը մտքերի փոխանակման, երկխոսության ու գաղափարների խաչմա ն հրավեր է` ուղղված բոլոր հայ գրողներին: Նրանք կարող են ներկայացնել սահմաններին վերաբերող իրենց նոր թատերախաղերը, որոնք պետք է գրված լինեն առնվազն հինգ դերասանի համար: Նոր գործերի տևողությունը պետք է չգերազանցի 70 րոպեն և պետք է չավարտվի մեկ գործողությամբ: Մրցույթի հանձնաժողովը կընտրի լավագույն երեք ստեղծագործությունները:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը մրցույթի մեկնարկին հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ «Խոսելով սահամանների մասին» խորագրով իրադարձությունը յուրօրինակ թատերախաղի մրցույթ է, որն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ մի շարք գործընկերների հետ:
«Մրցույթը հնարավորություն կտա մեզ դուրս գալ միջազգային ասպարեզ: Այն նաև տաղանդներ բացահայտելու միջոց է: Հաղթած ստեղծագործությունը ստանալու է 3500 եվրո մրցանակ: Մշակույթի նախարարությունը կպարգևատրի երկրորդ և երրորդ տեղերը գրաված մասնակիցներին՝ համապատասխանաբար 1500 և 1000 եվրո գումար տրամադրելով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ներսես Տեր-Վարդանյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ իրենց ստեղծագործությունները կարող են ներկայացնել նաև սփյուռքում ապրող հայերը:
Ծրագրի նախաձեռնող դոկտոր Քրիստիան Պապկեն շնորհակալություն հայտնեց Մշակույթի նախարարությանն աջակցության համար: « «Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի միջազգային մրցույթն Արևելյան Եվրոպայի ամենամեծ մրցույթներից է, իսկ Նյուրնբերգի թատրոնը` ամենամեծ մշակութային կառույցներից: Մրցանակներին արժանանալու համար պետք է գրել նոր ստեղծագործություն՝ սահմանների վերաբերյալ: Սահմաններ ասելով` ի նկատի ունենք ոչ միայն աշխարհագրական, այլև այլ սահմանները»,-նշեց նա:
Քրիստիան Պապկեի կարծիքով՝ Հայաստանում մարդիկ շատ պատմելու բան ունեն:
«Մտածեք ձեզ համար կարևոր և էական պատմություն գրելու մասին, որը նշանակություն ունի: Այն պետք է լինի հայերեն և ներկայացվի այսօրվանից մինչև մարտի 1-ը: Մրցույթն արդեն 10 տարվա պատմություն ունի, և ամեն տարի նվիրվում է մի երկրի. այս տարի այդ երկիրը Հայաստանն է:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը նշեց, որ դեսպանատունն աջակցել է ծրագրին: «Սա քաղաքացիական հասարակությանը վերաբերող նախագիծ է: Մենք մեծ հետաքրքրությամբ սպասում ենք մրցույթի արդյունքներին: Հուսով եմ, շատ հայտեր կլինեն»,-նշեց նա:
«Մրցույթը մեկնարկել է 2005 թվականին: Դրա ստեղծման հիմքում դրվել է Արևելյան Եվոպայի և գերմանախոս երկրներում ապրող ժողովուրդների միջև փոխճանաչման և հաղորդակցվելու զարգացման գաղափարը՝ շեշտադրելով մշակութային ժամանակակից ձեռքբերումները: Մրցանակային տեղերը զբաղեցրած թատերախաղերի անվանումները կհրապարակվեն մինչև 2015 թ. ապրիլի վերջը:
Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի միջազգային մրցույթը կազմակերպում է Նյուրնբերգի պետական թատրոնը՝ համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի և ծրագրի նախաձեռնող դոկտոր Քրիստիան Պապկեի հետ, ով մրցույթի գեղարվեստական մասի ներկայացուցիչն է: