Ադրբեջանական նավթը կրկին էժանացել է
EconomicsՎրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի գինն էժանացել է 4,04 տոկոսով կամ 2.06 դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին report.az-ին հայտնել են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում (SOCAR):
Ըստ տեղեկատվության` Լոնդոնի սակարանում երեկ տեղի ունեցած սակարկության արդյունքում, ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 48,83 դոլար: Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթն արժեր 52,64 դոլար/բարել, իսկ երեկ` 50,89 դոլար/բարել: Azeri LT CIF նավթի նվազագույն գինը` 19,15 դոլար, գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույն` 149,66 դոլար գինը` 2008 թվականի հուլիսին:
Ներկա դրությամբ համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 47,70 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 44,25 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի գինը պետբյուջեում նախատեսվածից մոտ 42,3 դոլարով ցածր է:
«Ազադլըգ»-ը հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է 2016 թվականի պետբյուջեի ձեւավորման ժամանակ նավթի գինը հաշվարկել մեկ բարելի դիմաց 50 դոլար: «Ադրբեջանի կառավարությունը եկող տարվա պետբյուջեում նավթի գինը հարկադրված է 40 դոլարով պակաս հաշվարկել` ելնելով անցյալ տարվա կեսերից մինչեւ այժմ նավթի համաշխարհային գների շարունակական անկումից: Ամբողջությամբ նավթի համաշխարհային գնից կախված Ադրբեջանի պետբյուջեի ձեւավորման ժամանակ ադրբեջանական կառավարությունը հարկադրված է հաշվի առնել ազգային արժույթի` մանաթի փետրվարյան 34 տոկոսանոց անակնկալ արժեզրկումից հետո հնարավոր երկրորդ եւ երրորդ արժեզրկման մասին փորձագետների կանխատեսումները», -գրել է թերթը: