Երևանի ավագանին հաստատել է քաղաքի հողային հաշվեկշիռը
SocietyԵրևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգը և հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո, ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Վարդանանց փողոց, 2-րդ նրբանցք հ. 4 հասցեում փակ ցնելու մասին որոշման նախագծին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու նիստում միաձայն հավանության են արժանացել նաև Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի հ.192 հիմնական դպրոցը Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի, ինչպես նաև Երևանի «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի անուններով անվանակոչելու մասին որոշման նախագծերը:
Երևանի ավագանին որոշել է նաև Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքից որպես նվիրատվություն ընդունել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղադրված «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը:
Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշմանը:
Միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հաստատել է նաև 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հոկտեմբերի 28-ին: