Շիրակում սեփական եկամուտները նվազել են 3.8 տոկոսով
EconomicsՇիրակի մարզի համայնքները, սեպտեմբերի 1-ի դրությամբ, սեփական եկամուտների հավաքագրումը կատարել են 81,4 տոկոսով: Ութ ամիսների համար ծրագրված 1 մլդ 222 մլն դրամի դիմաց գանձումը կատարվել է 994 մլն դրամի չափով: Հիմնական եկամուտներից հողի հարկի ծրագիրը կատարվել է 71.4 տոկոսով, գույքահարկինը` 85.3, պետական տուրքինը` 105, և տեղական տուրքինը` 88,6 տոկոսով: Ոչ հարկային եկամտւտների գծով հողի վարձակալությունից եկամուտների ծրագիրը կատարվել է 70,5 տոկոսով և այլ եկամուտներինը՝ 86.3 տոկոսով:
Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի հետ, փաստացի գանձված եկամուտները նվազել են 3.8 տոկոսով, սակայն, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, արդեն սեպտեմբերից աճ կգրանցվի:
«Հիմնականում եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ ակնկալում ենք երրորդ եռամսյակում՝ սկսած սեպտեմբերից՝ հիմնականում կապված բերքահավաքի հետ: Հուսով եմ, որ տարեվերջին շատ լավ ցուցանիշ կգրանցենք: Ի դեպ, անցյալ տարիներին համայնքները, այլ ծրագրերից, այդ թվում՝ նաև մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրից օգտվելու համար պարտադիր պետք է սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ արձանագրեին:
Այս տարի, թեև, նման հրահանգ չկա, բայց, եթե համայնքն ուզում է օգտվել որևէ ծրագրից, երաշխիքը եկամուտների հավաքագրման արձանագրած բարձր ցուցանիշն է: Եթե տվյալ համայնքը չի ունենում սեփական եկամուտների փաստացի գանձված գումար, բնականաբար, չի կարողանա համաֆինանսավորում կատարել և ծրագրից կզրկվի: Դրա համար համայնքը պետք է կարողանա շատ լավ կատարել իր բյուջեն»,- նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ վերջին տարիներին համայնքապետերը աշխատում են այս ուղղությամբ: «Սրանից 5 տարի առաջ հանդիպում էին համայնքներ, որոնք 10 տոկոսով էին հավագրրում սեփական եկամուտները, հիմա միջինից ցածր ցուցանիշ ունեցող համայնքներ չկան: Անյալ տարվա փորձը ցույց տվեց, որ բոլորը 80-100 տոկոս ցուցանիշ գրանցեցին»,- ընդգծեց պատասխանատուն:
Արմենուհի Մխոյան