Լույս է տեսել եզդի երիտասարդ բանաստեղծուհու ստեղծագործությունների ժողովածուն
SocietyԱզգային փոքրամասնությունների կենտրոնում ներկայացվել է եզդի երիտասարդ բանաստեղծուհի Զոզանա Ջամալի «Eyda Êzdîd» (Էզդիտի տոնը) գիրքը:
Միջոցառմանը ներկա էին մի շարք եզդի մտավորականներ, գիտնականներ, երիտասարդներ:
Ողջունելով ներկաներին՝ գրքի հեղինակը շնորհակալություն հայտնեց ներկայումս Շվեդիայում բնակվող եզդի Միշա Ալիյանին, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանին, որոնց օգնությամբ այսօր իր ստեղծագործություններն արդեն հասանելի կլինեն եզդի ժողովրդին: Վերջինս նշեց, որ գրքում զետեղված են իր տարիների ընթացքում գրված բանաստեղծությունները: Դրանք նվիրված են սիրուն, բնությանը, փիլիսոփայությանն ու Շանգալի դեպքերին:
«Մենք ունենք հարուստ բառապաշար, սակայն ինչ-ինչ պատճառով այդ բառերը կամ մոռացվել են, կամ քիչ են օգտագործվում և հիմա շատ կարևոր պարտականություն կա դրված բոլոր գրական աշխարհի ներկայացուցիչների ուսերին՝ այդ բառապաշարը նորից վերադարձնելու ու կրկին կիրառելի դարձնելու համար»,- իր խոսքում նշել է գրքի հեղինակը:
«Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանը կարևորեց եզդիերեն գրքերի հրապարակումն ու տարածումը: «Մեր բանաստեղծները բավականին քիչ են, իսկ ովքեր եղել են, իրենց ստեղծագործությունները գրի չեն առել, ինչի շնորհիվ էլ այսօր դրանք չեն պահպանվել: Ես շատ ուրախ եմ, որ Զոզանային այսօր հնարավորություն է տրվել իր ստեղածագործությունները ժողովել և սերնդեսերունդ փոխանցել: Նա մի ծաղիկ է, ում պետք է միշտ թարմ պահել»,- ասաց «Շամս»-ի նախագահը: Զոզանան սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական հա մալսարանում: Նրա 3 բանաստեղծություններ զետեղվել են եզդիերեն լեզվի և գրականության 12-րդ դասարանի դասագրքերում: Նրա մի քանի գործեր հրապարակվել են նաև «Եզդի գրողների և բանաստեղծների մի քանի ստեղծագործություններ» գրքում: