Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում հայերեն սովորող երեխաների թիվը հասել է 50-ի
SocietyՎիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն 2015-2016 ուսումնական տարում հայերեն կսովորեցնի Վրաստանում բնակվող ավելի քան 50 մանուկների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմից, այս թիվը մեծ է, եթե հաշվի առնենք այն, որ նախակրթարանն ընդամենը մի քանի տարվա կենսագրություն ունի: «Այս տարի նորեկների թիվը հասել է 20-ի և ակնկալիք կա, որ այդ թիվը կավելանա: Անցած տարիների ընթացքում նախակրթարանը 40-ից ավելի երեխայի է ուղղորդել հայոց դպրոց, որտեղ նրանք աչքի են ընկել իրենց բարձր պատրաստվածությամբ»,- ասել է «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:
Վիրահայոց թեմից շեշտում են, որ նախակրթարանի գործունեության հիմնական նպատակն է հետագայում հայ երեխաներին ուղղորդել հայկական դպրոց, որպեսզի նրանք վրացերենին զուգահեռ տիրապետեն նաեւ հայերենին եւ չհեռանան ազգային արմատներից: