Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ այս տարվա խաղողի ողջ բերքը կմթերվի
SocietyԽաղողի բերքահավաքն արդեն սկսվել է. երկու օրվա ընթացքում մթերվել է 4.5 հազար տոննա խաղող: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը հավաստեց, որ այս տարի նախատեսվում է խաղողի մեծ քանակությամբ բերք: Տարբեր գնահատականներով նախորդ տարվա համեմատ նախատեսվում է 10-30 տոկոս խաղողի բերքի աճ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարը վստահեցրեց, որ բերքի իրացման հարցում խնդիրներ չեն առաջանա: «Ուզում եմ հավաստիացնել, որ բերքի ամբողջ ծավալները կմթերվեն: Վերամշակող բոլոր ընկերությունները պատրաստակամ են ընդունել բերքը»,-ասաց Սերգո Կարապետյանը:
Նա, սակայն, նշեց, որ վճարումների հարցում խնդիրներ կառաջանան: «Հնարավոր է վճարումը ձգձգվի մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ, այդ մասին գյուղացիները տեղեկացված են»,-նշեց նախարարը:
Սերգո Կարապետյանի խոսքով` վերամշակող ընկերությունները ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված խնդիրներ ունեն: «Արտահանման ծավալները նվազեցին ինչպես գինու, այնպես էլ կոնյակի մասով ու ֆինանսական հոսքերը, որ նրանք ակնկալում էին, չեղան»,-ավելացրեց Սերգո Կարապետյանը:
2014 թվականին Հայաստանում մթերվել է 183 հազար 990 տոննա խաղող, ինչը10 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2014 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ խաղողի վերամշակման մոտ 50 ընկերություններ գնել են 28միլիարդ դրամի խաղող։