Սոսը, Լիկան, Նարեկը, Աննան, Ռիփփին և այլք՝ «ԱրմենիաTV»-ի նոր սիթքոմում
LifestyleBlogNews.am-ը գրում է.
«Դոմինո». այսպես է կոչվում «Արմենիա» հեռուստաընկերության նոր սիթքոմը, որը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից: Սոս Ջանիբեկյանը, Աննա Գրիգորյանը, Նարեկ Բավեյանը, Ռիփփին, Լիկա Սալմանյանը, «Արմքոմեդիի» Մհերը, Գայանե Ավետիսյանը և այլ դերասաններ հեռուստադիտողներին կներկայանան հումորային իրավիճակներում և ամեն երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 21:00-ին, կապահովեն նրանց բարձր տրամադրությունը: BlogNews.am-ը ներկա է եղել սիթքոմի նկարահանումներին և առաջիկայում կներկայացնի ֆոտոռեպորտաժ, մինչ այդ առաջարկում ենք կարդալ դերասանների խոսքն իրենց կերպարների մասին և դիտել սիթքոմի անոնսը:

Երգիչ Նարեկ Բավեյանն առաջին անգամ է ներկայանալու կատակերգական կերպարով. «Անկեղծ ասած՝ վախ ունեմ, քանի որ առաջին անգամ եմ ներկայանում նման ձևաչափում: Ինձ շատ են օգնում գործընկերներս, ովքեր շատ պրոֆեսիոնալ են: Կերպարս ողջամիտ, լուրջ որոշումներ կայացնող տղա է, ով իրականում շատ հեռու չէ Նարեկ Բավեյան իրական կերպարից: Ես պարբերաբար դիտում եմ բոլոր ալիքները, և շատ լավ է, որ նմանատիպ նախագծերը շատանում են, քանի որ թեթևությունը պակասում է թե՛ մեր առօրյայում, թե՛ էկրաններին»:
Լիկա Սալմանյանը մարմնավորում է Նարեկի նշանածին՝ Լիլիթին, ով համեստ աղջիկ է. «Հումորային նախագծերում չեմ նկարահանվել։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է լինելու, հեռուստադիտողների համար էլ զարմանալի կլինի։ Մի անգամ ընկերներիցս մեկի հետ ծիծաղում էինք, մի կին ինձ ասաց՝ վայ, դու կարողանո՞ւմ ես ծիծաղել։ Այս առումով կարծրատիպը կկոտրվի»:

Երգչուհի Ռիփփին հեռուստաէկրաններին կլինի տևական դադարից հետո. «Հերոսուհիս վաղ տարիքում ամուսնացած երիտասարդ, ազատ աղջիկ է, ով կարողանում է կառավարել ամուսնուն: Նա լավ կյանքից երես առած է և երբեմն ձանձրանում է: Հենց ձանձրույթից ելնելով էլ նա գրավում է Սոս Ջանիբեկյանի հերոսին՝ Միկային»: Թե ինչ զարգացումներ են լինում հետո, կտեսնենք՝ հետևելով «Դոմինոյի» զարգացումներին, քանի որ Միկան սիրախաղ ունի նաև մանկության ընկերուհու՝ Աննա Գրիգորյանի հերոսուհու հետ:
Հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը ևս առաջին անգամ է ներկայանալու սիթքոմում՝ նա տղաների՝ Սոս Ջանիբեկյանի, Նարեկ Բավեյանի, Մհերի մանկության ընկերուհին է և շատ մտերիմ է նրանց հետ: «Ես էլ փոքր ժամանակ հիմնականում տղաների հետ եմ շփվել, կերպարս շատ հոգեհարազատ է ինձ: Հերոսուհիս իր ուժերով հաջողությունների հասած դրական, ուժեղ աղջիկ է, ով ունի իր փաբը, սակայն ամբիցիոզ չէ, որպեսզի սպասավորներ պահի: Նա իր ուժերով է աշխատացնում իր փաբը: Նա և Միկան իրար համակրում են, սակայն քանի որ Միկան շատ «բառադի» է, նրանց մոտ դեռ ոչինչ չի ստացվում»:
Դերասանուհի Գայանե Ավետիսյանը մարմնավորում է Մհերի կերպարի կնոջը՝ Սոֆային, ով անընդհատ հետևում է ամուսնուն, քանի որ ամուսինը բնավորությամբ մի փոքր անկայուն է: «Իշխող, խանդոտ կնոջ կերպար է, որը ոչ մի կապ չունի ինձ հետ և հենց դրանով էլ հետաքրքիր է, քանի որ կերպարս զրոյից եմ կերտելու: Այսպիսի կանայք շատ են, և հետաքրքիր է այսպիսի դեր խաղալը: Շատ ուրախ եմ, որ լավ թիմ է հավաքվել, կարծում եմ՝ հեռուստադիտողների համար հետաքրքիր կլինի»: