Մուրադ Մուրադյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել մեր երկրի շենացման գործում. Սերժ Սարգսյան
SocietyՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Մուրադյանների ընտանիքին՝ անվանի պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի և Գյումրու պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ:
«Մուրադ Մուրադյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել մեր երկրի շենացման, մասնավորապես՝ Երևանի և Գյումրու զարգացման գործում, արժանացել հայրենիքի բարձր պարգևներին:
Նա իր հայրենանվեր գործունեությունը արդյունավետորեն շարունակել է նաև Հայաստանի անկախության տարիներին, երկար տարիներ եղել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հանձնաժողովի նախագահը:
Խորին ցավակցություն եմ հայտնում ճանաչված գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին»,- ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: