Հայ և վրացի նկարիչները Ջավախքում կազմակերպել են street art փառատոն
SocietyԵրևանից և Թբիլիսիից ժամանած street art ոճում ստեղծագործող 10 նկարիչներ Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում իրականացնում են «Հանուն խաղաղ հարևանության» խորագրով փողոցային արվեստի փառատոն:
Ինչպես տեղեկացրին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմից, փառատոնի շրջանակում երկու քաղաքների կենտրոնական փողոցներում նկարիչները կպատկերեն Ջավախքի մեծերի դիմանկարներ և հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող տեսարաններ:
«Փառատոնն առաջին հերթին նպատակ ունի փողոցային արվեստի մշակույթը տարածել Ջավախքում, ինչպես նաև մեր քաղաքին նոր շունչ ու թարմություն հաղորդել, ինչու ոչ` նաև քարոզել գրականությունը, երգն ու երաժշտությունը: Ճանաչելի դարձնել Ջավախքի մեծերին»,- jnews.ge-ին ասել է փառատոնի կազմակերպիչներից «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աղունիկ Այվազյանը` հավելելով, որ Ջիվանիի, Մկրտիչ Սարգսյանի ու Դերնիկ Դեմիրճյանի, Շոթա Ռուսթավելիի, Վահան Տերյանի, Շառլ Ազնավուրի պատկերները կզարդարեն Ախալքալաքի ու Նինոծմինդայի փողոցները:
Փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը: