Լեհաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է 25-րդ միջազգային տնտեսական համաժողովին
SocietyԼեհաստանի Կրինիցա Զդրույ առողջարանային քաղաքում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին մեկնարկել է 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը, որի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Համաժողովը համաֆինանսավորում է Լեհաստանի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների կողմից:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից, համաժողովի բացման արարողության շրջանակներում տեղի է ունեցել գլխավոր պլենար նիստը, որի առանցքային թեման Եվրոպայի զարգացման հեռանակարներն են եղել: Հիմնական բանախոսներն են եղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անդժեյ Դուդան, Խորվաթիայի Նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և Մակեդոնիայի նախագահ Գժորժ Թհոնը: Նիստը վարել է համաժողովի խորհրդի նախագահ Զիգմունդ Բերդիչովսկին:
Իր ելույթում Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան ժամանակակից Եվրոպայի մարտահրավերներն է համարել Ուկրաինայի խնդիրն ու ներգաղթյալների հարցը: Համաժողովին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Հայաստանից, որոնց մի մասն իբրև բանախոսներ ընդգրկված են տարբեր թեմատիկ քննարկումներում: