Ինչպե՞ս է ստացվել Միշոյի եւ Հայկոյի համագործակցությունը, որքա՞ն գումար է ծախսվել եւ այլ մանրամասներ` «Հյուսիս-Հարավ» ֆիլմից
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Հյուսիս-Հարավ» հայկական նոր կատակերգական ֆիլմի պրեմիերան, սակայն մինչ այդ փակ ցուցադրություն տեղի ունեցավ` լրագրողների եւ ֆիլմի անձնակազմի մասնակցությամբ:

Ցուցադրության ավարտին հաջորդեց մամուլի ասուլիսը, որի ընթացքում դերասաններն ու ստեղծագործական անձնակազմի այլ անդամներ խոսեցին ֆիլմի ստեղծման եւ իրենց դերակատարության մասին:

«Շարմ» հոլդինգի տնօրեն Կարեն Ղազարյանն իր խոսքում նշեց, որ ֆիլմը լավ կոմեդիա է եւ պետք չէ դրա մեջ լուրջ գաղափարներ փնտրել. «Սա կոմեդիա է ժամանակ անցկացնելու համար: Բացի բարի էներգիայից, որը մենք փորձել ենք փոխանցել մեր հանդիսատեսին, ուրիշ ոչ մի մեծ գաղափարներ ֆիլմը չի կրում, պարզապես ընկերասիրություն, ջերմություն եւ այլն»,-նշեց նա:

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը, խոսելով բյուջեի մասին, նշեց, որ ֆիլմի վրա «ծախսել են այնքան գումար, որքան պետք էր, այսինքն` շատ», ապա հավելեց, որ, ընդհանուր հաշվով, ֆիլմի բյուջեն կազմում է 400 հազար ԱՄՆ դոլար:

Անդրադառնալով գլխավոր դերակատարների ընտրությանը, ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանն ասաց, որ ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ քիչ կան, սակայն մյուսներն էլ կինոաշխարհում ընդունելի եւ շնորհալի դեմքեր են: Ինչ վերաբերում է Դավիթ Թովմասյանին, ով այսօր ներկա չէր փակ ցուցադրությանը, ռեժիսորը նշեց, որ Դավիթը ԱՄՆ-ում է բնակվում եւ այս պահին էլ այնտեղ է եւ Հայաստան էր եկել` հատուկ այս ֆիլմում նկարահանվելու համար:

NEWS.am STYLE-ի հարցին` ինչպես ստացվեց Միշոյի եւ ՀՏ Հայկոյի համագործակցությունը ֆիլմում, Միշոն կատակով պատասխանեց, թե ինքը դեմ է եղել նրա հետ խաղալուն եւ նույնիսկ արդեն փոշմանել է, սակայն Բաբախանյանը հավելեց, որ իրականում հենց Միշոն է առաջարկել ընկերներից մեկի դերը վստահել Հայկոյին:
«Երբ վերջին դերակատարի տեղը թափուր էր, Միշոն առաջարկեց, որ այդ դերը խաղա Հայկ Մարգարյանը»,-նշեց նա:

«Հյուսիս-Հարավ»-ը քաղաքային ռոմանս է: 4 ընկեր՝ յուրաքանչյուրն իր աշխատանքով, իր նպատակներով եւ ամուսնանալու ցանկությամբ: Արտավազդին (Միշո) են վստահում քաղաքի ամենաշքեղ հարսանիքների կազմակերպումը, Արտյոմը (ՀՏ Հայկո) զբաղվում է հողատարածքների առքուվաճառքով եւ ցանկանում է Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությանը հատկացված կլորիկ գումարներից մեծ պատառ փախցնել, Էդը (Սոս Ջանիբեկյան) «մեր օրերի վերջին ռոմանտիկի» ոգով փորձում է իր խմբի հետ վերածնել ռետրո երաժշտության ավանդույթները, իսկ անասնաբուժական ամբիոնի կրտսեր գիտաշխատող Նվերը (Դավիթ Թովմասյան) մշտական կատակների թիրախ է:

Ամեն ինչ իր բնականոն հունով էլ կընթանար, եթե Նվերը «նվեր» չաներ ընկերներին եւ մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչի (Մկո) շքեղ առանձնատանը «անօրինական փարթի» չկազմակերպեր:
Հիմա տղաները ստիպված են մի կողմ դնել սեփական սկզբունքները, գնալ ամենատարբեր զոհողությունների, հայթայթել անհրաժեշտ գումարը եւ փրկել ընկերոջը: Իսկ երբ խոսքն ընկերության մասին է, նպատակն արդարացնում է բոլոր միջոցները:
Հատկանշական է եւ կարեւոր, որ ֆիլմում շատ են հայկական հին ու սիրված երգերը, որոնք յուրահատուկ կերպով լրացնում են ֆիլմի երեւանյան կոլորիտը:
Շուշան Շատիկյան