Կրակոցներ հնչում են սահմանի ողջ երկայնքով, սակայն վիճակը վերահսկելի է. Դավիթ Բաբայան
InterviewԱլիեւյան կլանը կրկին հիստերիայի մեջ է. հրադադարի ռեժիմի խախտման հրահանգ իջեցնող իշխանականները, կարծես թքած ունենալով սեփական ժողովրդի վրա, շարունակում են առաջ գնալ իրենց բնույթին տիպիկ պրովոկացիոն գործողություններով, որոնց ի պատասխան՝ հայկական կողմից հրապարակվում են բավական խիստ նախազգուշացումներ` չափերը չանցնելու կոնտեքստով:
Հայկական կողմից արժանի հակահարվածների մասին խոսելը, թերեւս, ավելորդ է, քանզի դրանք երբեք էլ չեն ուշանում: Իսկ թե ինչ վիճակ է այժմ հայ-ադրբեջանական սահմանին, Orer.am-ը ճշտեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից.
«Կրակոցներ, իհարկե, հնչում են սակայն այժմ սահմանին վիճակը վերահսկելի է»:
Ըստ Դ.Բաբայանի՝ կրակոցները լինում են սահմանի ողջ երկայնքով: Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը որպես զսպաշապիկ հանդիսացավ Ադրբեջանի համար, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Պետք է նշել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ նշել է, որ ինքը կողմնակից է հարցի խաղաղ կարգավորմանը:
Այս խոսքերն, իհարկե, սթափեցնող են: Այս ամենի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել Հայաստանի եւ Արցախի պաշտպանության բանակների գործողությունները` հակառակորդին զսպելու ուղղությամբ:
Այսինքն՝ իրենց հետեւանքները թողել են մի քանի գործոններ, որոնք էլ համեմատաբար կայունացրել են իրավիճակը»:
Իսկ թե ինչ արձագանք ունեցավ միջազգային հանրության շրջանակներում Արցախի պաշտպանության բանակի բավական խիստ եւ միեւնույն ժամանակ սթափեցնող հայտարարությունը, Դավիթ Բաբայանը նկատեց. «Կարծում եմ՝ ով պետք է, համապատասխան դիտողություն կատարել է հայտարարության հետ կապված»:
Հարկ ենք գտնում տեղեկացնել, որ թեպետ հրադադարի ռեժիմի խախտումները մշտապես գրանցվում են Ադրբեջանի կողմից, այնուամենայնիվ, այժմ մեր հակառակորդը սահմանամերձ որոշ տարածքներում պատեր է կառուցում: Փաստորեն, Ադրբեջանի ՊՆ-ը թեպետ ուշ, բայց, այնուամենայնիվ, գլխի է ընկել, որ սեփական բանակի վրա հույս դնել այդքան էլ ճիշտ չէ…
Սոսե Չանդոյան