Փորձագետները ներկայացրին Հայաստանում անվար երկրագործության զարգացման անհրաժեշտությունը
SocietyՀայաստանում ռեսուրսախնայողական գյուղատնտեսության և անվար ցանքի կիրառման հեռանկարների, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի մշակության առաջավոր փորձի ընդօրինակման հարցերը քննարկվեցին Տաշիրում կայացած աշխատաժողովում, որի անցկացումը նախատեսված էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «Կայուն գյուղատնտեսության արժեշղթայի զարգացում» ծրագրի շրջանակներում:
Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության պատասխանատու Ջոն Բարքերը նշեց, որ աշխարհում հատկապես կլիմայական փոփոխությունների համատեքստում կարևորվում է անվար երկրագործության կիրառումը:
«Ծրագրի շրջանակներում մենք կանենք հնարավորը` գյուղացիական տնտեսվարող սուբյեկտներին և գյուղացիներին ռեսուրսախնայողական նորագույն տեխնոլոգիաները ներկայացնելու համար»,- նշեց նա:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, գիտական կենտրոնների, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր:
«Անվար երկրագործությունը, անշուշտ, հետագայում պարենային ապահովության հացահատիկային ինքնաբավության խնդրի լուծմանը մեջ կունենա իր լուման: Ընդհանուր առմամբ` վերջին տարիներին ՀՀ-ում բարձրացել է բերքատվությունը, հացահատիկի սորտերի թարմացումը իրականացվել է 70-80 տոկոսով, իսկհացահատիկով ինքնաբավության ցուցանիշն աճել է 50 տոկոսով»,- նկատեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանում առկա է հողի մաշակման տեխնոլոգիաների պակա ս, և ցանկալի կլիներ, որ վերը նշված ծրագիրը հիմնականում ուղղորդվեր դեպի անջրդի ու անմշակ հողատարածքներ, որոնք ցածր բերքատվություն են ապահովում և համարյա չեն մշակվում: «Ես ցանկանում եմ, որ կիրառվի անվար երկրագործության պիլոտային ծրագիր հանրապետության բոլոր մարզերում: Մեր հողօգտագործողները մեծ դժվարությամբ են հրաժարվելու հին մեթոդներից, այդ նպատակով այս ծրագրում պետք է ընդգրկել բոլոր համայնքերը, որպեսզի գյուղատնտեսները տեսնեն այդ նոր մեթոդի արդյունավետությունը»,- հայտնեց Հարությունյանը:
Իր հերթին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ Արմեն Զաքարյանը շեշտեց, որ անվար երկրագործության մեթոդի կիրառության արդյունքները երևալու են դրա կիրառության սկզբից չորս-հինգ տարի հետո: «Ռեսուրսախնայողական գյուղատնտեսական մեթոդները ապահովում են լավ եկամտաբերություն, էկոհամակարգերի կարգավորում, կլիմայական պայմաններից կախման նվազում և ամենակարևորը` ժամանակի խնայում:
Անվար տեխնոլոգիական կիրառվում է այնտեղ, որտեղ կա խոնավության և հողի պակաս: Անվար մշակության առաջատարն Ամերիկայի Միացյալ Նահանգներն են` ավելի քան 35 միլիոն հեկտար, իսկ Հայաստանում անվար ցանքատարածությունները կազմում են մոտ 1700 հեկտար (2014 թվականի տվյալներով)»,- հայտնեց նա` հավելելով, որ անվար երկրագործության կիրառության լիարժեքության համար անհրաժեշտ է համապատասխան օրենքների ընդունումը: