Հայաստանում 2015-ի ընթացքում գրանցվել է 117 երկրաշարժ, որոնից զգացվել են 5-ը
SocietyՆերկայում Հայաստանում առկա է ֆոնային սեյսմիկություն, ընդհանուր սեյսմիկ ռեժիմը նորմալ վիճակում է, ուժեղ երկրաշարժերի, անոմալ երևույթների կանխատեսման առնչությամբ տվյալներ չեն դիտարկվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:
«Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանում տեղի ունեցավ երկրաշարժ, որը զգացվեց Հայաստանի Հանրապետությունում ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նման ուժի երկարաշարժ վերջին անգամ եղել էր 1999-ին: Էպիկենտրոնում ուժգնությունը 7 բալ է եղել, երեք հետցնցում է գրանցվել` 5 բալ ուժգնությամբ: Հայաստանում ցնցումները զգացվել են 3-5 բալ ուժգնությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հրաչյա Պետրոսյանը` հավելելով, որ ունեն աշխատանքային քարտեզ, որտեղ նշված է այդ երկրաշարժի էպիկենտրոնը, մագնիտուդը, ուժգնությունը, թե որտեղ և ինչպես են զգացվել ցնցումները:
Հրաչյա Պետրոսյանի խոսքով` Ադրբեջանում գրանցված երկրաշարժերը մեր տարածքի հետ սեյսմատեկտոնական առումով անմիջական կապ չունեն, պարզապես ցնցումներն են գրանցվել մեզ մոտ: «2015-ին ևս 9 սեյսմիկ ցնցում է եղել տարածաշրջանում, որոնք ազդեցություն են ունեցել ՀՀ-ի վրա 3-5 բալ ուժգնությամբ: Դրան գումարած 5 ցնցումները, որոնց էպիկենտրոնները եղել են Հայստանի տարածքում, իսկ ուժգնությունը չի գերազանցել 5 բալը»,- տեղեկացրեց բանախոսը:
Նա ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի` այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Թուքիայում, Իրանում, Ադրբեջանում և Վրաստանում գրանցել է 644 երկրաշարժ: Նշվածներից 117-ը գրանցվել է Հայաստանում, որոնցից 5-ը զգացվել են, մնացածը միայն սարքերն են արձանագրել:
Երկրաշարժերից 267-ը գրանցվել են Թուրքիայում, 159-ը` Իրանում, 50-ը` Վրաստանում, 3-ը Ռուսատանի հարավային հատվածում, 47-ը` Ադրբեջանում:
Հրաչյա Պետրոսյանը նաև նշեց, որ թե’ տարածաշրջանում, թե’ աշխարհում ամենացնցումային տարին եղել է 2011-ը, երբ Ճապոնիայում տեղի ունեցավ երկրաշարժը Ֆուկուսիմայի տարածքում, իսկ Թուրքիայում` Վանի երկրաշարժը: