«Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի միջոցով 20.000 երեխայի համար 280 նախակրթարան է բացվել
SocietyԻնչպես հայտնում է Orer.am-ը.ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված սեմինարի ընթացքում, խոսելով «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքներից և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկից, իր խոսքում նշեց, որ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի իրականացումը ֆինանսական տեսանկյունից ուղեկցվել է բացարձակ թափանցիկությամբ»:
Ըստ Ա.Աշոտյանի՝ վարկային ծրագրերն առհասարակ թույլ են տալիս բացել զարգացման հեռանկարներ` կյանքի կոչել այն ամենը, ինչ պետական բյուջեի ընթացիկ հատկացումներով հնարավոր չէ անել: ԿԳ նախարարը, անդրադառնալով նախադպրոցական կրթության մատչելիության ապահովմանը, տեղեկացրեց, որ հատկապես մարզերում դա «հնարավորություն է տալիս ազատել ծնողական ձեռքերն աշխատանքի համար, և դրանց հիմնումը դարձել է օրհասական խնդիր»,- ասաց Ա. Աշոտյանը:
«Այս ծրագրի միջոցով 20.000 երեխայի համար 280 նախակրթարան բացվեց: Կարող ենք ասել, որ այս ծրագիրը հաջողված է, սակայն ասել, որ նախադպրոցական կրթության խնդիրները լուծվել են, չենք կարող, բայցեւայնպես, կարող ենք վստահաբար նշել` խնդիրների մեծ մասը լուծված է»,- ասաց նա:
Խոսելով նաեւ ավագ դպրոցների բարեփոխման մասին` նախարարն ասաց, որ սա ամենաբարդ բարեփոխումն է և՛ հոգեբանական, և՛ ֆինանսական առումով՝ այս ընթացքում ավագ դպրոցները համալրվել են, վերապատրաստումներ են անցել հազարավոր ուսուցիչներ: «Առանց վարկային ծրագրի՝ մեզ համար էլ ավելի դժվար կլիներ անել այս ամենը»,- ասաց նախարարը` հավելելով, թե ասել, որ լուծվել են բոլոր խնդիրները, սխալ է, որովհետև ավագ դպրոցի կայացումը դեռ չի ավարտվել, բայց ակնհայտ է, որ արդեն կան բավական շատ ավագ դպրոցներ, իսկ ծրագիրը կայացած է համարում` ելնելով ցուցանիշներից, ծնողների արձագանքներից:
«Ընդունելով առկա ծրագրային խնդիրները՝ այնուհանդերձ, նախարարությունը անշեղորեն կյանքի է կոչելու ավագ դպրոցների կայացման ծրագիրը»,- ասաց նախարարը: Ա. Աշոտյանն անդրադարձավ նաեւ ոչ պետական եւ պետական բուհերին եւ դրանց ծրագրերին, կարևորեց Բոլոնիայի ծրագրի շրջանակում հավատարմագրման ինստիտուտի ստեղծումն ու զարգացումը` նշելով, որ շատ ու շատ բուհեր, անցնելով հավատարմագրման ողջ գործընթացը, շարունակում են աշխատել որակի ապահովման շարունակական մեխանիզմների ներդրման ուղղությամբ, որոշ բուհեր էլ արդեն հավակնում են ստանալ եվրոպական հավատարմագրեր:
Սոսե Չանդոյան