Ու՞մ է մարմնավորում «Ֆուլ Հաուս-3»-ում Էվա Խաչատրյանը եւ ինչպե՞ս հայտնվեց «Հյուսիս-Հարավ» ֆիլմում
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Հյուսիս-Հարավ» ֆիլմի նկարահանումներն անցել են շատ լավ. այնքան, որ նկարահանումներից հետո չէինք ցանկանում տուն վերադառնալ, եւ դրան նպաստում էր միայն հոգնածությունը. այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Էվա Խաչատրյանը:

Խոսելով ֆիլմում նկարահանվելու առաջարկի եւ իր դերի մասին, Էվան ասաց.
«Դավիթ Բաբախանյանի (ֆիլմի ռեժիսորն է,-խմբ.) հետ վաղուց ենք համագործակցում հեռուստատեսային նախագծերում, բացի այդ` փոքր դերով հանդես եմ եկել նաեւ «Poker.am» ֆիլմում: Նա գիտի, թե որպես դերասանուհի, ես ինչպիսին եմ եւ ինչ կարող եմ անել: Ուստի այս խելառիկ աղջկա կերպարը, որը մի քիչ եթերային է, մի քիչ էլ` ազատ, տեսավ իմ մեջ»:

Էվա Խաչատրյանի խոսքով` «Հյուսիս-Հարավ»-ի նկարահանումները շատ լավ են ընթացել:
«Նկարահանումներն անցել են հրաշալի եւ շատ ուրախ. այնքան, որ չէինք ուզում տուն գնալ, դրան նպաստում էր միայն հոգնածությունը: Չեմ կարող հիմա ասել` ստացված է կերպարս, թե ոչ, քանի որ դեռ էմոցիաների ազդեցության տակ եմ, որոնք չեն թողնում արդար դատել»,-ասաց դերասանուհին:
Ի դեպ, շուտով եթերում կլինեն «Ֆուլ Հաուս-3» սիթքոմի նոր սերիաները, որտեղ դերակատարություն ունի նաեւ Էվան: Նրա խոսքով` թեեւ առաջին անգամ է սիթքոմում նկարահանվում, բայց իրեն խորթ չէ հումորային թեման:

«Ես Կամերային թատրոնում եմ խաղում, որտեղ հումորային ոճը շատ է: Դեռ փորձում եմ հաստատվել արդեն կայացած, ձեւավորված մթնոլորտի մեջ: Կարծում եմ` ամեն ինչ լավ է ստացվելու: Ես մերվող անձնավորություն եմ եւ սիրում եմ խորհուրդներ լսել: Այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ սիթքոմային ոճի մեջ են, կարծում եմ, ինձ որոշ բանալիներ կտան»:
Դերասանուհին չցանկացածվ բացել սյուժետային գաղտնիքները եւ նշեց միայն, որ խաղալու է սիթքոմի հերոսների նոր հարեւանուհիներից մեկի դերը:

«Երկու հարեւանուհիներ են, որոնք հայտնվում են նոր եթերաշրջանում: Հետաքրքիր աղջիկներ են, որոնք իրականում այնպիսին չեն, ինչպիսին ներկայանում են, ավելի դրածո կերպար են շփման մեջ: Հուսամ` կընդունվեմ եւ կընկալվեմ հեռուստադիտողների կողմից»,-եզրափակեց դերասանուհին:
Զրուցեց Շուշան Շատիկյանը