«Օձունի գանձեր» 4-րդ փառատոնը ճանաչելի է դարձնում տեղի դեղաբույսերը, համեմունքներն ու այլ բարիքները
Culture«Օձունի գանձեր» և Խորովածի փառատոնները սեպտեմբերի 12-ը տոնական դարձրին թե լոռեցիների, թե Հայաստանի այլ վայրերից ու արտասահմանից ժամանած հյուրերի համար: Այցելուները գողտրիկ Օձունում հնարավորություն ունեին տեսնելու տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, զմայվելու մաքրամաքուր բնությամբ, շրջելու փառատոնին մասնակցող ամենատարբեր ապրանքներ առաջարկող տաղավարների կողքով, մասնակցելու երգով, պարով, ինտ ելեկտուալ խաղերով համեմված մշակութային միջոցառմանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` երկու տասնյակին մոտ տաղավարներում տեղի և հարակից գյուղի բնակիչները ներկայացրել էին Օձունի ու հարակից գյուղերի դեղաբույսերը, համեմունքները, պահածոները, տնական օղին, կաղինը, դդումը, օգտակար ծաղկափոշին ու մեղրը: Տաղավարներից մեկում էլ Երևանից ժամանած մասնակիցները տեղի երեխաներին սովորեցնում էին թելերից տիկնիկներ ու ձեռագործ այլ իրեր պատրաստել: Ֆրանսահայ շեֆ-խոհարար Ալեն Ալեքսանյանն էլ փառատոնի այցելուներին հրամցնում էր տեղի մթերքներից պատրաստված զովացուցիչ հյութեր:
Փառատոնին առանձնահատուկ հմայք հաղորդեց լարախաղացն իր տարբեր կատարումներով. մի դեպքում նա աչքերը փակ անցավ իր ուղին, հետո գլխին ծաղկաման պահած, մեկ այլ դեպքում էլ` օղակի միջով քայլելով: Մասնակիցների թվում էին նաև Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում ուսումնական պրակտիկա անցնող դանիացի ուսանողները, ովքեր չափագրումներ են կատարում եկեղեցում:
Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փառատոնը մարդկանց հնարավորություն է տալիս տարեցտարի ավելի ներկայանալի դառնալ, գտնել գնորդներ իրենց արտադրանքի համար, հաստատել կապեր, որոնք կարող են հաջորդ տարիներին ապահովել տեղի բնամթերքի վաճառքը: «Նաև հարակից գյուղերն են սկսել մասնակցել, ակնկալում ենք, որ գնալով ծավալները կմեծանան, գյուղացին կկարողա ավելի լուրջ շուկաներ ունենալ, ճանաչելի դառնալ»,-ասաց գյուղապետը` հավելելով, որ իրենց տարածաշրջանը հարուստ է տարբեր մրգերով, վայրի թեյերով, որÕ ¨ փորձում են ֆրանսիական G2IA-ի` Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորման հետ փաթեթավորել, վաճառել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:
Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Օձունի գանձեր» փառատոնի տված արդյունքներից մեկն էլ այն է, որ գյուղացիները մեծ ոգևորությամբ են մասնակցում: «Եթե առաջին տարին շատ դժվար էր համոզել մարդկանց, որ մասնակից դառնան փառատոնին, ապա հիմա մեծ ոգևորությամբ են մասնակցում: Միջոցառումից հետո հավաքվում ենք, քննարկում, պարզ է դառնում, որ որոշ մթերքներ են վաճառել, կապեր են հաստատել իրենց մթերքներն այլ վայրեր տեղափոխելու համար»,-նշեց Արսեն Տիտանյանը:
Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն էլ ուրախությամբ նկատեց, որ տաղավարներում ցուցադրվում են տեղի ապրանքները, այլ տարածաշրջաններից բերված մթերքներ չկան: «Շատ կարևոր է, որ մարդիկ իրենց ձեռքի պատրաստածն ու աճեցրածն են ներկայացնում այցելուներին: Օձունն իր ասելիքն ունի, գյուղում երկու կաթի վերամշակման արտադրամաս կա, չրանոց ունենք, թեյերի արտադրություն»,-հիշեցրեց Տեր Վրթանեսը:
«Օձունի գանձեր» փառատոնն անցկացվում է ֆրանսիական G2IA` Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում, և Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնի կազմակերպություն հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:
Կազմակերպությունների օգնությամբ գյուղերում գործում են կոոպերատիվներ, որոնք զբաղվում են դեղաբույսերի արտադրությամ, պահածոների, մուրաբաների պատրաստմամբ: Կազմակերպությունները նաև փորձում են գտնել շուկաներ ապրանքների իրացման համար: