ԱՄՆ-ում վթարից մահացած 16-ամյա Լիլիթի մարմինը տեղափոխել են Հայաստան
Societynews.am-ը գրում է.
Ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած եւ օգոստոսի 24-ին կվադրոցիկլով վթարի ենթարկվելուց հետո մահացած 16-ամյա Լիլիթ Գեւորգյանի մարմինը տեղափոխել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանը, որի աշակերտուհին է եղել Լիլիթ Գեւորգյանը:
Նունե Դոլինյանը նշեց, որ Լիլիթի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր։
Հիշեցնենք, որ արմավիրցի Լիլիթ Գեւորգյանն ԱՄՆ էր մեկնել օգոստոսի 18-ին, նա մեկ տարի պետք է ապրեր եւ սովորեր այնտեղ: Օգոստոսի 24-ին, սակայն, 16-ամյա աղջիկը մահացել է Թեքսասում ավտովթարից: Վթարի պահին 16-ամյա Լիլիթ Գեւորգյանը եղել է կվադրոցիկլի ղեկին։ Շերիֆը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, աղջիկը բլրի վրա կորցրել է մեքենայի կառավարումը: Ավելի ուշ աղջիկը մահացել է հիվանդանոցում: