Ադրբեջանական նավթը շարունակում է էժանանալ
EconomicsՎրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի գինը 0,97 դոլարով կամ 1,98 տոկոսով նվազել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է, որ Լոնդոնի սակարանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սակարկության արդյունքում ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 48,08 դոլար:
Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթն արժեր 49,56 դոլար/բարել, իսկ երեկ 49,05 դոլար/բարել: Azeri LT CIF նավթի նվազագույն գինը` 19,15 դոլար, գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույն` 149,66 դոլար գինը` 2008 թվականի հուլիսին: Ներկա դրությամբ համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 47,85 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 44,85 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի գինը պետբյուջեում նախատեսվածից մոտ 42,15 դոլարով ցածր է: