Պետբյուջեի եկամուտներն աճել են 0.8% ով
EconomicsՀայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2015 թվականի հունվար-հուլիսին կազմել են շուրջ 635.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 698.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 72.3 և 73.2%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:
2014 թվականի հունվար-հուլիսի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 0.8% ով կամ 4.8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների աճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները և պետական տուրքերն էական փոփոխություն չեն կրել: Պետական բյուջեի եկամուտների 93.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 6.1%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2015 թվականի հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 593.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 71.5%-ը: 2015 թվականի հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.2% ով կամ 92.3 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:
2015 թվականի հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 63 մլրդ դրամ պակասուրդով` ճշտված ծրագրով նախատեսված 75.8 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները: