Անջատեք դրա միկրոֆոնը. Առաքել Մովսիսյանը կրկին հունից դուրս եկավ
SocietyԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահին, առաջարկով հանդես եկավ, այն է՝ ուղիղ եթեր ապահովել ԱԺ քառօրյայի նիստերի համար: Խոսքը վերաբերում էր Հանրային հեռուստաընկերությամբ ԱԺ նիստերը հեռարձակելուն: «Այլ հեռարձակման միջոցները Հանրապետության ողջ տարածքում հասանելի չեն, իսկ նման նախագծերի քննարկման դեպքում ՀՀ բնակչությունը պետք է տեղյակ լինի»,- նշեց Արամ Մանուկյանը:
Դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ Գալուստ Սահակյանն ասաց, թե պատգամավորի խոսքի մեջ սադրանք է նկատում, հենց այդ պատճառով էլ հարցը քննարկման չի դրվի: «Հիմա 90-ական թվականները չեն և կապի միջոցները հասանելի են, թնջուկ չսարքենք, դա առավելություն չի տալու մեր քննարկումներին»,- ասաց Գալուստ Սահակյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե ինչու սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում չի ներկայացնում անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, այլ ներկայացնելու է նրա ներկայացուցիչը: «Պատկերացրեք, առաջարկվում է մի փոփոխություն, որտեղ նախագծի հեղինակը չի գալիս, ներկա են իրավական փաստաբաններ, որոնք քաղաքական հարցերին չեն կարողանալու պատասխանել: Եթե նման փոփոխություն է ներկայացվում, ապա ինքն անձամբ պետք է ներկա գտնվի և փորձի պահպանել իր դիրքերն ու նախագիծը»,– ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ի դեպ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ավելի լավ կլիներ՝ քննարկման դրվեր ՀՀ նախագահի իմպիչմենթի հարցը: Այս հայտարարությունը, ինչ խոսք, դուր չեկավ հայտնի ՀՀԿ-ական «հայտնի բռնաբարող» Առաքել Մովսիսյանին, ով բորբոքվելով տեղից գոռգռաց. «Անջատեք դրա միկրոֆոնը»: Դե իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ, բավական լակոնիկ արտահայտվելով, արձագանքեց.«Խելքին աշեցեք»:
Իշխանականների պահվածքը եւս մեկ ապացույց է այն բանի, որ վերջին շրջանում ՀՀ նախագահի հասցեին ուղղված ցանկացած արտահայտություն ցայտնոտի մեջ է գցում իշխանական կլանի ներկայացուցիչներին:
Սոսե Չանդոյան