Փորձագետը կարևորում է Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու պայմանագրի կնքումը
SocietyՀայ-իրանական տնտեսական ծրագրերի մեկնարկի հավանականությունը մեծ է, սակայն դրանք կյանքի կոչելու առումով կան որոշակի դժվարություններ: Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանի գնահատմամբ` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման առումով շատ կարեւոր կլինի Մեղրու ՀԷԿ-ի, ինչպես նաև նավթի վերամշակման գործարանի կառուցումը:
«Անշուշտ, ամենագլխավոր ծրագիրը, որ կարելի է կյանքի կոչել, հայ-իրանական երկաթգիծն է, որը ձեռնտու է բոլոր կողմերին, այդ թվում և ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը: Սակայն այս պարագայում մենք պետք է հասկանանք, որ առանց Վրաստանի անմիջական մասնակցության հնարավոր չէ այդ ծրագիրը կյանքի կոչել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետը`հավելելով, որ Հայաստանն էլ Իրանին կարող է առաջարկել ծառայությունների մատուցում, բանկային ոլորտում զարգացումներ եւ այլն:
Այս առումով Թավադյանը խոչընդոտ է համարում նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը ԱՄՀ անդամ է, իսկ Իրանը` ոչ: Տնտեսագետը կարևորում է Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու պայմանագրի կնքումը: «Շատ ավելի ձեռնտու կլինի, եթե ազատ առեւտրի պայմանագիրը կնքվի ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ, քանի որ այդպես համագործակցությունն ավելի ամուր եւ ուժեղ կլինի»,- ասաց Թավադյանը` հավելելով, որ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրներից միակն է, որ ցամաքային ճանապարհ ունի Իրանի հետ:
Իրանագետ Գոհար Իսկանդարյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Իրանում ընթանում են դարի պայմանագրի վերաբերյալ քննարկումները եւ դեռեւս վաղ է խոսել արդյունքների մասին: «Հստակ է մեկ բան, եթե Վրաստանը չմիանա եւ ներգրավված չլինի տնտեսական նախաձեռնություններին, ապա այդ ծրագրերի պատին է հանդիպելու եւ արդյունքում որեւէ լուծում չի լինելու»,- ասաց Իսկանդարյանը: Աշոտ Թավադյանն էլ խորհուրդ է տալիս հետեւել իրանական փոխարժեքի կուրսի բարձրացմանը, քանի որ դա պատժամիջոցներից ազատվելու լավագույն ցուցիչն է: