Խմելու ջրից դիզենտերիայով վարակվելու դեպքեր են արձանագրվել
SocietyՍեպտեմբերի 9-ին տեղեկություն տարածվեց, որ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում աղիքային վարակիչ հիվանդության բռնկում է եղել և համայնքի տարբեր տարիքի բնակիչների մոտ նույն ախտանշաններն են՝ սրտխառնոց, փորացավ, գլխապտույտ:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ արձանագրված դեպքն աղիքային վարակիչ հիվանդության հետևանք է: Հիվանդության տեղայնացման և դրա առաջացման պատճառների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում և պարզվել, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից: Տեղում իրականացված ջրի քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրվել են շեղումներ, իսկ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է շիգելոզ (դիզենտերիա):
Հիվանդներին առաջին օգնություն ցույց տալու և պատշաճ բուժում իրականացնելու նպատակով Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 17 հիվանդ, որոնց վիճակը ներկայումս գնահատվում է միջին ծանրության և արդեն լավացման դրական տեղաշարժ է նկատվում:
Ջրագծի ամբողջական ուսումնասիրման ժամանակ պարզվել է նաև, որ այն, բացի նշված համայնքից, սնում է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ ևս, որտեղ նույնանման գանգատներով տարբեր տարիքի այլ հիվանդներ էլ են հայտնաբերվել: Նրանց մոտ, սակայն, հիվանդության ընթացքը մասնագետները գնահատել են թեթև:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կոնտակտ-կենցաղային գործոնով պայմանավորված հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով բոլոր հիվանդների տնային օջախներում իրականացվել է ախտահանում: «Համադրելով հիվանդների և խմելու ջրի ցանցի նմուշների լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև համաճարակաբանական վերլուծությունների տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ հիվանդության արձանագրման պատճառը ջուրն է»,- տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Արմինե Գրիգորյան