Հանրապետությունում աճել են թունավորման դեպքերը
SocietyՀանրապետությունում նախորդ տարվա համեմատ, ընթացիկ տարում աճել են թունավորումների դեպքերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
«Բոլոր դեպքերում շոգն էլ է նպաստում թունավորումների դեպքերի աճին: Այս տարի Արարատի մարզում թունավորման դեպք դպրոցում եղավ: 46 աշակերտ հիվանդանոցային բուժման կարիք են ունեցել: Նրբերշիկ են գնել վաճառքի կետից, սուր թունավորմամբ բերեցին հիվանդանոց, հետո բարեհաջող դուրս գրեցին: Երեխաները հետագայում խնդիրներ չեն ունենա առողջության հետ կապված, բայց խնդիրներ կունենան այդ բիզնեսով զբաղվողները, պետք է այնպես անել, որ նրանք այլևս այդ գործով չզբաղվեն »,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` խոսելով մարզերում առկա թունավ որումների մասին նշեց Արա Ասոյանը:
Նրա խոսքով, այս տարի գրանցվել է նաև մեկ այլ թունավորման դեպք` այս անգամ Շիրակի մարզում: «Շիրակի մարզում առկա թունավորման դեպքի ժամանակ գործ ունեինք ջրատարների մաշվածության հետ: Այդտեղ պատասխանատվությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա է, ոչ թե առողջապահության նախարարության»,-նշեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը:
Արա Ասոյանը հավելեց, որ այս պահին գերնպատակ է ամեն ինչ անել, որ թունավորվածները բուժվեն: «Առայժմ հաջողվում է այնպես անել, որ թունավորվածների վիճակը լավանա »,-ընդգծեց նա:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստը հորդորեց թունավորման դեպքերը բաժանել երկու խմբի. դեպքեր, որտեղ կա մարդկային գործոն, և որտեղ չկա այդ գործոնը: