Արմեն Աշոտյանը Բրյուսելում խոսել է Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
SocietyԱշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջույնի խոսքում եվրահանձնակատարն առանձնահատուկ նշել է հայ գիտնականների և գիտական կենտրոնների պատմության և թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Լինելով պորտուգալացի` Կարլոս Մոեդասը հիշել է պորտուգալահայ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանին, ով մեծ ներդրումներ է ունեցել Պորտուգալիայի գիտության զարգացման գործում:
Պատասխան խոսում Արմեն Աշտոյանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտության, հետազոտությունների և նորարարության ոլորտում զարգացման հիմնական ուղղությունները, առկա հնարավորությունները, հիմնական մարտահրավերները: Նախարարը մեծապես կարևորել է հայաստանյան գիտական հանրույթի լիարժեք ինտեգրումը համաշխարհային գիտական հանրույթին: Այս առումով, ըստ նախարարի, էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին: «Այն Հայաստանի գիտության առջև կբացի նոր հեռանկարներ և հնարավորություն կտա հայկական գիտական ներուժին դրսևորելու իր բոլոր կարողությունները», - ասաց Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության, եվրոպական տարբեր քաղաքներում գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցություն և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: