Սերգո Կարապետյանը Շիրակում մասնակցել է ջրարբիացման համակարգի բացման արարողությանը
SocietyՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում մասնակցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը նե րկա են եղել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:
Ներկայումս Գուսանագյուղ համայնքի արոտավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 995 հեկտար, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը` 863 գլուխ: Ծրագրով համայնքում իրականացվել են ջրարբիացման աշխատանքներ և տրամադրվել գյուղտեխնիկա: Ծրագրի ավարտից հետո համայնքի 995 հա ջրարբիացված արոտները կարող են տարեկան ապահովել հավելյալ շուրջ 410 տ կաթի ստացում, իսկ ձեռք բերված գյուղտեխնիկան թույլ կտա 40%-ով (շուրջ 600 տ) բարձրացնել մսուրային շրջանի համար համայնքում կուտակվող անասնակերի ապահովվածությունը:
«Գուսանագյուղը հանրապետությունում 91-րդ, իսկ մարզում 18-րդ համայնքն է, որտեղ իրականացվում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը, որի հիմնական նպատակն է անասնապահության զարգացումը լեռնային այն համայնքներում, որտեղ այն ապրուստի հիմնական միջոցն է: Այս ծրագրով վերջին հինգ տարիների ընթացքում մենք կարողացել ենք բավականաչափ խնդիրներ լուծել, լեռնային 1 մլն 50 հազար հեկտար արոտավայրերից արդեն ջրարբիացվել է մոտ 200 հազար հեկտարը, և մինչև 2019 թվականը այս ցուցանիշը պետք է հասցնել մինչև 400 հազար հեկտարի&raqu o;, - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ փետրվարից սկսել է գործել CARMAC երկրորդ ծրագիրը, որն ամբողջապես ներառելու է գյուղատնտեսության, հատկապես անասնապահության ոլորտի բոլոր արժեշղթաները: Երկրորդ ծրագրի նպատակն է անասնագլխաքանակի ավելացումից և մթերատվության բարձրացումից բացի լուծել նաև ապրանքի շուկայահանման, որակի կարգավորման, փոքր արտադրամասերի ստեղծման խնդիրներ, ինչը կնպաստի վերամշակման ճյուղի զարգացմանը:
Նախարար Սերգո Կարապետյանի խոսքով, այս ծրագրի արդյունքում վերջին տարիներին անասնապահության ոլորտում հաջողվել է գրանցել շոշափելի արդյունքներ: Մասնավորապես, միայն ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 3,6, իսկ մանր եղջերավոր կենդանիներինը` 7,2 տոկոսով:
Անդրադառնալով կաթի մթերման գներին, նախարարը նշել է, որ այս տարի պարենային կարևորագույն ապրանքների գների իջեցումն ունի համաշխարհային միտում, սակայն հանրապետությունում կաթի գինն արդեն սկսել է բարձրանալ և առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում այն կկարգավորվի:
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին իր խոսքում նշել է, որ տպավորված է նշված թվերով, և հույս ունի, որ դրանք կնպաստեն համայնքի բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը: Ընդգծելով, որ գուղատնտեսությունն ու գյուղը Հայաստանի տնտեսության սիրտն են, ՀԲ պաշտոնյան հավելել է, որ իրենց լավագույն ծրագրերը հենց գյուղական համայնքներում իրականացվածներն են:
Ընդհանուր առմամբ` այս համայնքում ծրագրի շրջանակում 150 մլն դրամի ներդրում է կատարվել, որի կեսն ուղղվել է ջրարբիացման համակարգերի կառուցմանը, իսկ մնացած միջոցներով գյուղտեխնիկա է ձեռք բերվել, այդ թվում` 2 միավոր անիվավոր տրակտոր և 5 միավոր այլ տեխնիկա:
CARMAC ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացումն է: