Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված ցուցադրություն
CultureՀայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ազգային թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի (հեղինակ` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան) նախագծերի, էսքիզների, լուսանկարների և մուսալեռցի ճարտարապետ Վրեժ Թասլակյանի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը, որը ներկայացված է «Մեկ աշխատանքի ցուցահանդես» խորագրի ներքո:
«Այս ցուցադրությունը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին: Որպես մուսալեռցի տղա` ես ցանկացա այս ձևով երախտապարտ լինեմ հերոսամարտին մասնակցած իմ ծնողներին: Այն նվիրված է այսօրվա ուսանողներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպիսին պետք է լինի իսկական ճարտարապետը»,- այս մասին հայտնեց ճարտարապետ Վրեժ Թասլակյանը:
Նա նկատեց, որ ցուցադրությունում ներկայացված են իր քառասուն տարիների աշխատանքները:
«Ես մի քանի անգամ կազմակերպել եմ ցուցահանդեսներ, այդ թվում` Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված առաջին ջրաներկնկարների ցուցահանդեսը, բացի այդ, ցուցահանդես եմ կազմակերպել նաև իմ ծննդավայր Այնճարում (Լիբանան)»,- շեշտեց Թասլակյանը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Աշոտ Գրիգորյանը բացման խոսքում հայտնեց, որ, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված այս ցուցադրությունը կազմակերպելիս, իրենք պարզեցին, որ ունեն մուսալեռցի ճարտարապետ, ով նաև շատ հետաքրքիր ջրաներկ աշխատանքներ ունի, և որոշեցին միավորել այդ ցուցադրությունները` այս կերպ իրենց ներդրում ունենալով Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի խոշորագույն հաղթանակին նվիրված միջոցառումների շարքին: «Այս ցուցադրութ յունում ճարտարապետ Վրեժ Թասլակյանը Մուսա լեռան հուշահամալիրի հետ կապված նոր առաջարկություններ է ներկայացրել, որոնք նույնպես զետեղված են ցուցադրությունում»,- ընդգծեց նա:
Իր հերթին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունները շատ կարևոր են մեր ազգին իր հաղթող էության մասին հիշեցնելու տեսանկյունից:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը: