Պետությունը մասնակի կփոխհատուցի առաջին կուրսի լրացուցիչ 300 ուսանողի ուսման վճար
SocietyՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված առաջին կուրսի լրացուցիչ մոտ 300 ուսանողի կտրամադրվի պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Այդ նպատակով գործադիրը ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման հավելվածի 2-րդ մասը կլրացնի նոր 2.4 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.4 Բարձրագույն ուսումնական հաստատություններ սահմանված կարգով 1-ին կուրս ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին՝ ընդունելության մրցութային քննությունների արդյունքում համապատասխան միավորի շեմը հաղթահարելու դեպքում ուսանողական նպաստները տրվում են ըստ սույն կարգի 2.1-րդ կետի սահմանված չափերի և 2.3-րդ կետի սահմանված ընթացակարգով»:
«Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում կտրամադրվի պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված ուսանողները ամենախոցելի խումբն են հանդիսանում սոցիալական բեռի ծանրաբեռնվածության տեսանկյունից, քանի որ այս խմբի ուսանողները հնարավորություն չունեն օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից, ինչպես նաև այս խմբի ուսանողները մինչ տվյալ ուսումնական տարվա ավարտը չեն մասնակցում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացվող փոխատեղման մրցույթին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: