Փախստականների ամենամեծ ճգնաժամն աշխարհի դուռն է թակել
SocietyԱռաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհն առերեսվել է աշխարհի փախստականների ամենամեծ ճգնաժամին: Տարեսկզբից սկսած Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից արդեն մոտ 500.000 ներգաղթյալ են ժամանել Եվրոպա և այդպիսով ճգնաժամային իրավիճակ ստեղծել Եվրոպական միության մի շարք պետությունների համար, ինչն այսօր դարձել է միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրներից մեկը: Թվում է թե, ոչ մի պետություն և միջազգային կազմապերպություն անմասն չի մնացել այս խնդրից:
Այս առնչությամբ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծիք է հայտնել, որ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում առաջացած փախստականների ճգնաժամը շարունակվելու է տասնամյակներ: Որպես պատճառ նախագահը նշել է շարունակվող ռազմական հակամարտությունները, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն իրենց պատրաստակամությունն էին հայտնել ապաստան տրամադրել մոտ 10.000 սիրիացի փախստականների։
http://www.gazeta.ru/social/news/2015/09/11/n_7583507.shtml
Ռուսաստանը ևս անմասն չի մնում միգրացիոն ճգնաժամին լուծում տալուց: Պետդումայի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ Ռուսաստանի պատվիրակության հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Կովալյովը հայտնել է, որ սեպտեմբերի 15-18-ին Ուլան-Բատորում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս խորհրդարանականները իրենց նախաձեռնությունները կներկայացնեն փախստականների իրավիճակի վերաբերյալ: http://tass.ru/politika/2254735
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Գի Մունն, իր հերթին, ռուսական «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին միգրացիայի հարցերով հատուկ համաժողով կանցկացվի: Բան Գի Մունը նշել է, որ, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, արագ արձագանքման անհրաժեշտություն կա:
«Այս ճգնաժամն աճում է ցունամիի նման: Առաջինը, որ նման դեպքում պետք է անեն եվրոպական և ասիական առաջնորդները, ապահովեն հարկադիր վերաբնակների արժանապատվությունը և անվտանգությունը: Սա հենց այն է, ինչ եվրոպական առաջնորդները դրսևորում են, սկսում են դրսևորել»,- հավելել է նա: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/2256098
Եվրոպական երկրները ևս անմասն չեն մնում իրենց հայտարարություններով և փորձում լուծումներ տալ խնդրին:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարեց, որ Ֆրանսիան չի թողնի միգրանտներին և փախստականներին փորձանքի մեջ և մոտ ժամանակներս միջոցներ կհատկացնի նրանց օգնելու համար: Ֆրանսիան արդեն պլանավորում է գալիք 2 տարիների ընթացքում ապաստան տրամադրել մոտ 24.000 փախստականներին և ապահովել նրանց ապրուստը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն էլ հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան ևս պատրաստակամ է ընդունել հազարավոր սիրիացի փախստականների:
http://www.wsj.com/articles/european-foreign-ministers-at-odds-over-response-to-migration-crisis-1441372734
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, իր հերթին, համաշխարհային հանրությանը կոչ արեց միավորել ջանքերը սիրիական ճգնաժամից ելք որոնելու համար: Նրա կարծիքով այս ճգնաժամը չի լուծվի, եթե երկրները շարունակեն մատնացույց անել մեկը մյուսին: Շտայնմայերը շեշտել է միասնական աշխատելու անհրաժեշտությունը:
Այս ամենից հետևում է, որ միգրացիոն ճգնաժամը վաղանցիկ արտակարգ իրավիճակ չէ և այն դեռ երկար կտևի, որի հետ ստիպված են լինելու դեռ երկար ժամանակ բախվել հատկապես եվրոպական երկրները:
Հասմիկ Այվազյան