Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը բարձր է գնահատում Հայաստանի մակրոտնտեսական կառավարման կատարողականը
EconomicsԱսիական զարգացման բանկը նախատեսում է Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերել, որով կխթանվի նորարարությունը, արդյունաբերական զարգացումը, արտահանման ներուժի իրացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը:
Խոսելով Նյու Յորքում 2016-ին նախատեսվող «Հայաստան. ներդրումային համաժողով» մասշտաբային ծրագրի մասին, որի համար բանկը տրամադրել է դրամաշնորդ` Դեյվիդ Դոլն ընդգծեց. «Հայաստանը մակրոտնտեսական կառավարման տեսանկյունից բավականին լավ կատարողական ունի, սղաճն ու գնաճը վերահսկելի է, բյուջեի դիֆիցիկտը կառավարելի է, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերահսկելի ու կառավարելի է: Ես չեմ ասում, որ այստեղ կատարյալ վիճակ ունեք, բայց մենք կարծում ենք, որ սխալները շտկելի են: Մենք աշխատում եք կառավարության հետ, որ օգնենք բարելավել ներդրումային միջավայրը: Ի լրումն դրա` մեկ այլ տեխնիկական աջակացություն է նախատեսվում, որով կօգնենք ՀՀ կառավարությանը նորարության խթանման, արդյունաբերական զարգացման, արտահանման ներուժի խթանման համար»,-ասաց արտասահմանցի պաշտոնյան:
Նրա խոսքով` կան որոշ հիմնական չափորոշիչներ, որոնցով երկիրը գրավիչ է դառնում օտարերկյա ներդրողների համար, դրանք Հայաստանում կատարյալ չեն, բայց շտկելի են: «Մենք գտնում ենք, որ երկիրը լավ պոտենցիալ ունի և հենց այդ է պատճառը, որ այստեղ ենք ու պատրաստ ենք ֆինասնավորել»,-ասաց Դեյվիդ Դոլը:
2016 թվականի սեպտեմբերին Հայաստանը Նյու Յորքում կանցկացնի «Հայաստան. ներդրումային համաժողով», որի նպատակն է բարձրացնել օտարերկրյա ներդրողների շրջանում իրազեկվածությունը Հայաստանի գրավիչ ներդրումային միջավայրի ու մրցակցային առավելությունների վերաբերյալ: