Գագիկ Խաչատրյանը հորդորեց արհեստական հակադրություններ չստեղծել
EconomicsԻնչպես հայտնում է Orer.am-ը, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ 4,4% կիսամյակային տնտեսական աճի մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հայտարարություններին:
«Երկրում տնտեսական ու սոցիալական վիճակը, մեղմ ասած, չափազանց ծանր է: Երբ ՀՀ վարչապետը բերեց վիճակագրական թվեր 4.5 տոկոսանոց աճի մասին, դրան հետևեց ֆինանսների նախարարի հակասական հայտարարությունը, որ չնայած վիճակագրությանը, գրեթե բոլոր ուղղություններով կա անկում և իրական վիճակը վատ է»,- նշեց Տ.Ուրիխանյանը՝ ուղղելով հետեւյալ հարցը. «Եթե սրանից առաջ վիճակը գրեթե բոլոր ուղղություններով լավ էր, բա ո՞ւր էին գնում այդ գումարները, ո՞ւր են գնացել ձեր պաշտոնավարման ժամանակ, եթե վիճակագրությունն այլ բան է ասում»:
Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշեց. «Հարցը քննարկվել է ԱԺ համապատասխան նիստում, պատգամավորների կողմից ՀՆԱ-ի աճի տեմպերի մասով հարց է առաջացել, թե ինչու հարկային մուտքերը չեն ապահովվում, եթե տնտեսական աճը 4.5 տոկոս է: Դրանք ուղղակի ազդեցություն ունենալ չեն կարող միմյանց վրա»:
Գագիկ Խաչատրյանը նախ՝ հորդորեց արհեստական հակադրություններ չստեղծել, ապա պատասխանեց հնչեցված այն հարցին, թե որտեղ են ծախսվել գումարներն իր պաշտոնավարման ժամանակ: «Մենք իմ պաշտոնավարման ժամանակ 505-ից հասել ենք 1 տրիլիոն 130 միլիարդի: Ինչի՞ չեն ավելանում հարկերը: Որովհետև ԵՏՄ անդամակցելուց հետո, հաշվի առնելով արտաքին իրադարձությունները, բնականաբար, չենք կարող ակնկալել ավելի մեծ հարկային եկամուտներ, քան ունենք»,- ասաց վերջինս:
Սոսե Չանդոյան