Ի՞նչ նոր համագործակցություն է ունեցել Ավետ Բարսեղյանը Հայկոյի, Ֆորշի, Սոֆիի և մյուսների հետ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը շարունակում է աշխատել հայկական շոու բիզնեսի ամենահայտնի երգիչների հետ և հեղինակել նրանց երգերից շատերը։ BlogNews.am-ի հետ զրույցում երգահանն ասաց, որ երևանյան թեմատիկայով երգեր է գրել հայտնիների համար։
«Հոկտեմբերին Էրեբունի-Երևանի մեծ տոնակատարությունն է լինելու, որի շրջանակներում Հայկոյի և Ֆորշի համար եմ նոր երգեր գրել։ Ֆորշն այս երգը կներկայացնի «Երևանը մենք ենք»-ին հաջորդած մեծ դադարից հետո։ Երևանի տոնի ամփոփիչ երգը ևս ես եմ գրել»,- ասաց Ավետն ու հավելեց, որ վերջին շրջանում համագործակցել է նաև Սոֆի Մխեյանի հետ, «Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակցի՝ Միկայի հետ համատեղ աշխատում է մրցութային երգի վրա: «Վերջերս էլ Ֆիլիպ Կիրկորովի երգացանկում հայտնվեց Էրիկի երաժշտությամբ և իմ խոսքերով երգ՝ «Женщина похожая на солнце», ինչը շատ ուրախալի է»,- նկատեց հաղորդավարը։
Երգահանները երբեմն նշում են, որ անընդհատ ստեղծագործական պրոցեսը վերածվում է տեխնիկական աշխատանքի։ Ավետը ևս խոստովանում է այս փաստը. «Համաձայն եմ։ Ինձ մոտ էլ կան տարբերակներ, երբ երգը գրվում է մեխանիկորեն։ Կան նաև տարբերակներ, երբ ոգեշնչմամբ են գրվում։ Հիթի և «շլյագերի» տարբերությունը հենց դա է. հիթը կարճ կյանք ունի, իսկ շլյագերը տարիներ անց էլ լսում ես ու ինչ-որ էմոցիա վերապրում»,- ասաց Ավետը, ով ունի և՛ հիթեր, և՛ շլյագերներ։ Ըստ նրա՝ իր՝ ոգեշնչմամբ գրած երգերից են «Իմ սերը քեզ»-ը, «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»-ը, «Մենք ենք, մեր սարերը», որոնք մնայուն են։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի