ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածության խորհրդատվությունն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ
EconomicsՀՀ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովում իրականացվող խորհրդատվությունն ընդգրկում է հարցերի լայն շրջանանակ, և խորհրդատվության ավարտից հետո հստակ պատասխան կտրվի էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հարցերին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին:
«Խորհրդատվության պայմանագիրը զետեղված է Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի կայքում, և, եթե Դուք ուշադիր ընթերցեք պայմանագիրը, կտեսնեք, որ այն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ: Խոսքը ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորվածության մասին է, այլ առավել ամբողջական հարցեր են ընդգրկված խորհրդակցության շրջանակում»,- պարզաբանեց Գաբրիելյանը:
Մանրամասնելով ասվածը՝ Գաբրիելյանն ընդգծեց, որ խորհրդատվության երկրորդ փուլով Կառավարությունը պարզելու է` արդյոք հնարավոր է ճանապարհներ գտնել սակագինը նվազեցնելու համար, իսկ երրորդ փուլով պարզելու է զարգացման ավելի լայն ռազմավարության մեջ դա տեղավորելու հնարավորությունը:
Վաչե Գաբրիելյանը նաև հստակեցրեց, որ ՀԾԿՀ-ում խորհրդատվություն է անցկացվում, քանի որ ՀՀ օրենսդրությամբ ՀԾԿՀ-ի որոշումները չեն կարող աուդիտի ենթարկվել: Միևնույն ժամանակ, նա հստակեցրեց, որ ՀԷՑ-ում էլ աուդիտ է ընթանում, որը մասնավոր կազմակերպություն է և ենթակա է աուդիտի: