Սուրիկ Խաչատրյանը մարդ է սպանել, երեք անգամ դատված է եղել, բայց դա չի խանգարել, որ նա վերանշանակվի. Նիկոլ Փաշինյան
SocietyԱԺ-ում շարունակվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց: Պատգամավորի կողմից բարձրացրած հարցերը վերաբերում էին մշտապես տարբեր սկանդալային եւ կրիմինալ իրադարձությունների կիզակետում հայտնվող հայտնի պատմափիլիսոփա Սուրիկ Խաչատրյանին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: ՀԱԿ պատգամավորն իր խոսքում նշեց. «Սուրիկ Խաչատրյանը մարդ է սպանել, երեք անգամ դատված է եղել, բայց դա չի խանգարել, որպեսզի նա վերանշանակվի մարզպետի պաշտոնում: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ մարդ է ծեծել և դա կոծկվել է: Հիմա հարց: Գործող Սահմանադրության ո՞ր դրույթները և դրույթների ո՞ր խումբն է թույլ տվել կոռուպցիայի չարաշահման այս երևույթները և ձեր ներկայացրած նախագծով ո՞ր դրույթներն են, որ բացառելու են այս երևույթները»:
Հարցին ի պատասխան՝ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ եթե հարցումներից գա այն եզրահանգման, որ կարող է գոյություն ունենալ մի Սահմանադրություն, որը կբացառի ցանկացած չարաշահման երևույթ, ապա այդպիսի Սահմանադրություններ չկան: «Սահմանադրությունները կյանքի են կոչվում մարդկանց միջոցով և սահմանադրություններն ավելի մեծ հավանականություն ունեն կյանքի կոչվել Սահմանադրության ոգուն և տառին համապատասխան, եթե նրանք նախատեսում են հավասարակշռված իշխանական համակարգ, որտեղ իշխանության որևէ ճյուղ մյուսի նկատմամբ գերակայություն չունի, այդ դեպքում առնվազն արդարադատության միջոցով, դատական իշխանության միջոցով բոլոր չարաշահումները վեր կհանվեն»,- ասաց Վ. Պողոսյանը:
«Նախագծում փաստել ենք, որ պետականության ստեղծումից քառորդ դար անց դեռևս չունենք այդպիսի համակարգ, նաև դատական իշխանության, որը կբավարարի հանրության կարիքները: Հետևաբար հարցն այդ ռակուրսով բարձրացնելուց կարող եմ ասել միայն, որ ինչքան քաղաքական գործընթացները թափանցիկ են, որքան մեծ է հաշվետվողականությունը, ինչքան մեծ է հնարավորությունը ԱԺ-ում, ժողովրդի ներկայացուցչական մարմնում այդ հարցերը քննարկելու, քննադատելու և անհրաժեշտության դեպքում քաղաքական սանկցիաներ գործադրելու, այդքան մեծ են հնարավորությունները, որպեսզի ձեր կողմից բարձրացված հիմնախնդիրները նվազեն և իդեալական պայմաններում գոյություն չունենան: Սահմանադրությունն ավելին չի կարող անել»,- ասաց սահմանադրագետը:
Սոսե Չանդոյան