Շիրակացու ճեմարանում կայացավ Հայաստանի անկախության 24 և Թաթուլ Կրպեյանի 50- ամյակին նվիրված միջոցառում
CultureՆա ընկավ հանուն Հայաստանի անկախության. այսպես սկսեց իր ելույթը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը` Ռուզաննան, Շիրակացու ճեմարանի սաների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Կրպեյանի քույրը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական միության նախագահ Սաթենիկ Աբրահամյանը ճեմարան էին հրավիրվել Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված հանդիսությանը մասնակցելու համար ու նաև նշելու Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակը:
Ճեմարանի հանդիսությունների դահլիճում էին միջին դպրոցի 8-9-րդ դասարանների սաներ, մանկավարժներ և ուսուցիչներ, հյուրեր: Միջին դպրոցի տնօրեն Մասիս Բաղդասարյանը ողջունում է հյուրերին, համառոտակի անդրադառնում ազգային հերոսի բարձր կոչմանն արժանացածներին՝ շեշտելով, որ նման կոչման արժանանում են մարդիկ, ում ծառայությունները հայրենիքի հանդեպ բացառիկ են: Դրանցից մեկը Թաթուլ Կրպեյանն է:
Ճեմարանի պատմության ուսուցիչ Լիլիթ Մկրտչյանը, ով նախաձեռնել էր այդ հանդիպումը, համառոտակի անդրադարձավ Հայաստանի անկախությանն նախորդող իրադարձություններին, կարևորեց անկախության գործոնը Հայաստանի հետագա բարգվաճման համար: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, հիրավի, մեծ տոն է ողջ հայութան համար:
Դահլիճում հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Էկրանին երևում են դրվագներ Հայաստանի անկախությանն առնչվող վավերագրական ֆիլմից, մասնավորապես, այն դրվագը, երբ Արամ Մանուկյանը Գերագույն խորհրդի նիստում հրապարակում է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Ցուցադրվում են Թաթուլ Կրպեյանի մասին պատմող վավերագրական նյութեր: Ապա իր եղբոր մասին հուշեր է պատմում Ռուզաննա Կրպեյանը, ով նաև իր շնորհակալությունն է հայտնում եղբոր ծննդյան 50-ամյակը նշելու համար:
Ռուզաննան, խոսելով եղբոր` Գետաշենում և Մարտունաշենում կատարած հերոսական գործողությունների մասին, հպարտությամբ նշում է, որ նա սովորական մահկանացուի նման չհեռացավ այս աշխարհից, քանզի հայ հերոսին վիճակված է ապրել սերունդների սրտերում՝ դառնալով հայ ազատագրական պայքարի մի նոր Նժդեհ:
Հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ նաև ‹‹Վարդանանք›› ռազմահայրենասիրական միության նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ով պատմեց Արցախյան պատերազմում մարտնչող ազատամարտիկների աննախադեպ հերոսությունների մասին, որոնցից շատերը ընկան հերոսի մահով` հանուն հայրենիքի ազատագրման:
Հայաստանի անկախությանը նվիրված հանդիսությունները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:
Լևոն Ազրոյան