Մարվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրարը
SocietyՏեղի է ունեցել ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթի` Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրարի մարումը: Հատուկ ծրարն իրենից ներկայացնում է յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք` թեմատիկ ծրար, որին փակցված է 2012 թվականին թողարկված ԵԱՀԿ-ին նվիրված նամականիշը և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Վրան պատկերված է Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարելիցի լոգոտիպը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ից, սեպտեմբերի 16-ին հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցել են «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում հայկական ֆիլատելիայի զարգացմանը, և նմանատիպ ֆիլատելիստական արտադրանք թողարկելով, հասարակայնության լայն խավերի մոտ մեծացնում է հետաքրքրությունը ֆիլատելիայի և նամականիշերի նկատմամբ: