Հայ ժողովուրդը Մուսա լեռան մեր հայրենակիցների գենն է իր մեջ կրում. Հրանուշ Հակոբյան
SocietyՀայրենասիրական երգերով, պարերով ու ասմունքով սեպտեմբերի 17-ին նշվեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը: ՀՀ սփյուռքի նախարարության և «Մուսալեռ» հայրենակցական միության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացվեց հանդիսավոր երեկո, որին մասնակցեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ցավի, ողբի և վշտի 100 տարիները լցվեցին մուսալեռցիների փայլուն հաղթանակով, որի ոգին այսօր այստեղ է` այս դահլիճում: Շնորհավորում եմ բոլորիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Մուսալեռ» հայրենակցական միությանը: Հայ ժողովուրդը Մուսա լեռան մեր հայրենակիցների գենն է իր մեջ կրում: Մենք հիշում ենք, խոնարհվում մեր հերոսների առջև և պահանջում հայերի կորցրած իրավունքների վերականգնումը: Մենք մեր վերջնական երազներին, միևնույն է, հասնելու ենք»,- նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրա նուշ Հակոբյանը:
Նախարարը միջոցառման ժամանակ ֆրանսաբնակ ռազմածովային ճարտարագետ Ժորժ Գևորգյանին, ով գիրք է գրել մուսալեռցիների մասին, հանձնեց սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալը:
«Մուսալեռ» հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Պերճ Ղազարյանը կազմակերպության անունից շնորհավորեց ներկաներին հերոսամարտի 100-ամյակի առթիվ:
«Մեր պապերի հերոսությունն այնքան փայլուն էր, որ տարածվել է բոլորիս վրա, լույսով ողողել. այդպիսի սխրանքները դարերի համար են: Մաղթում եմ, որ այս տոնակատարությունները փոխանցվեն սերունդներին` որպես հայրենասիրության տոն»,- ընդգծեց նա:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Արթուր Հաբեշյանն իր ելույթում շեշտեց, որ արժանապատիվ կյանքը վաստակում են կռվով ու ոչ թե թշնամուց կյանք մուրալով:
«100 տարի առաջ մեր պապերը կռվում էին, իսկ այսօր մենք` այդ հերոսական սերնդի ժառանգները, հավաքվել ենք` ցույց տալու, որ յուրաքանչյուրս կրում է մեր պապերի ժառանգած կրակը: Մուսալեռցու դռները և սիրտը բաց են բարեկամի և անողոք թշնամու առջև: Յուրաքանչյուրիս պարտքն է վառ պահել մուսալեռցու անունը և համբավը: Շնորհավորում եմ հաղթական օրվա առթիվ»,- ասաց նա:
Միջոցառման ավարտին «Մուսալեռ» պատվո շքանշան հանձնվեց 4 մուսալեռցիների` տեր Մովսես քահանա Ղազարյանին, Կամո Տեր-Պետրոսյանին, Գաբրիել Փանոսյանին, Աբրահամ Բալաբանյանին: Մի շարք մուսալեռցիներ արժանացան նաև պատվոգրերի: ՀՀ սփյուռքի նախարարն էլ «Մուսալեռ» հայրենակցական միության կողմից արժանացավ նվերների: