Հայաստանում կհիմնվի վերելակներ արտադրող գործարան
EconomicsՄինչև 2018 թվականը Հայաստանում կհիմնվի վերելակներ արտադրող գործարան: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում սեպտեմբերի 18-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ–ն և Չինաստանի «Կոյո» վերելակաշինա կան գործարանը: Կազմակերպությունները համագործակցելու են տարբեր ուղղություններով` այդ թվում իրականացնելու են գործարանի ստեղծմանն ուղղված աշխատանքներ:
«Չինական կազմակերպությունը պարտավորվում է հիմնել Հայաստանում «Կոյո» կազմակերպության առևտրային ներկայացուցչություն` ի դեմս «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի: Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք սերտ համագործակցել ենք ընկերության հետ, Հայաստանում տեղադրած վերելակներ կան, մեծ հաջողությամբ շահագործվում են: Մեր շինարարական կազմակերպությունն այս պահին իրականացնում է ՀՀ Նախագահի սոցիալական բնույթի շենքերի կառուցման նախագիծ, և հենց այնտեղ տեղադրում ենք մեր գործընկեր կազմակերպության վերելակները»,-նշեց «Էյ Դի Էյ Թեք» Ս ՊԸ տնօրեն Վահրամ Մելքումյանը:
Նրա խոսքով` վերելակաշինության զարգացումը ֆինանսական մեծ հաջողություններ կբերի հայկական կողմի համար:
«Համագործակցության սկիզբը տեղի կունենա մասնագետների վերապատրաստմամբ: Մեր մասնագիտական կարողությունները չեն զիջում որևէ երկրի կարողություններին, հուսով ենք` լավ համագործակցություն կստացվի: Այս պահին չեմ ցանկանա նշել, թե որտեղ է լինելու գործարանը, որովհետև վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Հիմնվելու է ոչ Երևանում»,-հավելեց Վահրամ Մելքումյանը:
«Կոյո» վերելակաշինական գործարանի սեփականատեր-տնօրեն Նենսի Ժանգը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ին` իրենց համագործակցության նման հնարավարություն ընձեռելու համար:
«Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի հետ 9 տարի ենք աշխատում, Հայաստան է ներմուծվել մոտ 100 վերելակ: Հայաստանն առևտրական իմաստով շատ նպատակային երկիր է` հաշվի առնելով, որ այն ԵՏՄ-ին է անդամակցում: Հայաստանից մենք կարող ենք մուտք գործել Իրանի և Եվրոպայի շուկա»,-նշեց Նենսի Ժանգը:
«Կոյո» վերելակաշինական գործարանի սեփականատեր-տնօրենը շեշտեց, որ իրենք նպատակ ունեն նաև մասնագետների վերապատրաստում իրականացնել,:
«Նպատակ ունենք Հայաստանում կառուցել վերելակների արտադրության ձեռնարկություն, մինչև 2018 թվականը նախապատրասատկան աշխատանքներ կան, պատրաստելու ենք որակյալ մասնագետներ: 2018-ին կսկսենք ապրանքն արտահանել նախկին ԽՍՀՄ և Եվրոպական շուկա»,-հավելեց նա:
Հուշագրով «Կոյո» ընկերությունը ՀՀ-ում հիմնում է առևտրային ներկայացուցչություն, ի դեմս «Էյ Դի Էյ Թեք» ընկերության: Նշված ընկերությունն ունի կառուցապատման ընթացիկ լայնածավալ ծրագրեր և արտադրական, շինարարական ենթակառուցվածքներ: Վերելակներ արտադրող գործարարանի հիմնադրումը հնարավորություն կընձեռի մատչելի գնով բավարարել Հայաստանի ներքին շուկայի պահանջարկը, կապահովի վերելակային տնտեսության ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկումը և կխթանի պատրաստի արտադրանքի արտահանումը: Կառույցի հիմնման համար կպահանջվի 5 միլիոն դոլարի ներդրումներ և կստեղծվի մոտ 120 աշխատատեղ: