Պետությանը Շիրակի մարզի համայնքների անցած տարիների պարտքը կազմում է շուրջ 25 մլն դրամ
EconomicsՇիրակի մարզի մի շարք համայնքներ պետությանը պարտք են անցած տարիներին ստացած սերմնացուի համար: Մարզն ընդհանուր այս առումով պետությանը անցած տարիներից պարտք է շուրջ 25 մլն դրամ գումար: Ի հավելումն այս գումարի, պետք է վճարվի նաև այս տարվա 300 մլն դրամ գումարը՝ 2014 թվականին տրամադրված 1900 տոննա սերմնացուի համար:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը՝ փաստելով, որ նախորդ տարիների պարտք ունեցող համայնքերին այս տարի հացահատիկի սերմացու չի տրամադրվի: «Հիմա խիստ ռեժիմ է սահմանված պարտքերի հավաքագրման առումով՝ համայնքները մուծում են անցած տարվա գումարը, նոր ստանում այս տարվա սերմնացուն. մուծում են 10 տոննա՝ ստանում նույնքան: Մենք զգում ենք արդեն, որ 300 մլն դրամ գումար հավաքագրել հեշտ չէ, այդ իսկ պատճառով այս ռեժիմով ենք սկսել աշխատել,&nb sp; իսկ այն համայնքները, որոնք նախորդ տարիներից կուտակված պարտքեր ունեն, չեն ստանա այս տարվա սերմնացուն»,-նշեց պատասխանատուն՝ ավելացնելով, որ կան համայնքներ, որոնց պարտքը բավական մեծ է, օրինակ՝ Մարմաշենը, Իսահակյանը, Սարակապը: Դրանց թիվը հասնում է 10-ի:
«Այս պահին մենք այս պարտքը վերադարձնելու համար այլ քայլերի դեռ չենք դիմում՝ թողնելով, որ այդ համայնքների բնակիչներն իրենք զգան սխալն ու վերադարձնեն ստացած սերմնացուի համար պահանջվող գումարը: Հուսով ենք, որ այս ամիս, հաշվի առնելով, որ բերքահավաքն ավարտված է, այդ պարքերը համայնքները կմարեն: Նույնիսկ մեկ տնտեսության պարտքի համար, պատասխանատու է ողջ համայնքը»,-նշեց Մովսես Մանուկյանը:
ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման 2010-2015 ծրագիր»-ը մեկնարկել է 2011 թվականից: Շիրակում կան համայնքներ, որոնք նույնիսկ 4 տարի առաջվա պարք են կուտակել: Ի տարբերություն սերմնացուի, որը պետության կողմից տրամադրվում է հաջորդ տարի գումարի մարման պայմանով, դիզելային վառելանյութն ու պարարտանյութը տրամադրվում են նախնական վճարումից հետո:
Արմենուհի Մխոյան